Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների

Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը համարում է անթույլատրելի և սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ու ՀՀ իշխանությունների: «Ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ընդդեմ Հայաստանի իշխանության: Մեղավորները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության: Խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթակարագերով պետք է այս միջադեպը քննարկվի: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են և հույս ունեմ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետը:

Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմակայանը Փանիկ համայնքում իրականացրել է զորավարժություններ, որոնց վերաբերյալ համայնքի բնակչությունը չի իրազեկվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում