Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-բելառուսական հարաբերությունների հարցում մեծ խնդիր է համարում Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Այդ մասին ՀՀ վարչապետը նշել է euroradio.fm-ին տված հարցազրույցում:

«Մենք լավ հարաբերություններ ունենք Բելառուսի հետ, բայց կարծում եմ, որ մենք մեծ պոտենցիալ ունենք ու պետք է այն իրացնենք։ Իհարկե, մենք անհանգստություն ունենք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ, և դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար։ Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ։ Եվ գիտե՞ք, խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանն ու Բելառուսը ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական գործընկերներ են։ Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են այն փաստից, որ Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը նշել է, թե գիտի, որ ՀՀ վարչապետը և Հայաստանի մյուս պաշտոնյաները փորձում են Մինսկին ու անձամբ Լուկաշենկոյին համոզել՝ այլևս զենք չվաճառել Ադրբեջանին։ Նա հետաքրքրվել է Փաշինյանից՝ ի՞նչ է կարծում, կստացվի՞։

Ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է. «Կարծում եմ՝ սխալ է ասել, որ մենք փորձում ենք համոզել։ Մենք բացատրում ենք այդ հարցի շուրջ մեր դիրքորոշումը։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Բելառուսի շահերին ու հույս ունենք, Բելառուսն էլ հարգանք կցուցաբերի Հայաստանի շահերի նկատմամբ։ Ցավոք, մեզ համար այդպիսի գործունեությունն անընդունելի է, և ես ուզում եմ այդ մասին ուղիղ ասել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում