Փակվելու վտանգի առջև կանգնած դպրոցներին կփոխարինեն կրթամշակութային կենտրոնները, որտեղ կհաճախեն նաև մեծահասակներ

Փակվելու վտանգի առջև կանգնած դպրոցներին կփոխարինեն կրթամշակութային կենտրոնները, որտեղ կհաճախեն նաև մեծահասակներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Կրթության ու գիտության նախարարությունը մտադիր է կրթամշակութային կենտրոններ հիմնել այն համայնքներում, որտեղ աշակերտների նվազ թվի պատճառով դպրոցները փակվելու խնդրի առջև են կանգնած: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ընդհանրապես, ինչու են նախորդ կառավարությունները փակել դպրոցներ, նրանք ասում են՝ ֆինանսապես արդյունավետ չեն, փակենք, այդ գումարները տրամադրենք մյուս դպրոցին, աշակերտներին մեքենաներով կամ ավտոբուսներով կտեղափոխենք: Մենք կարծում ենք, որ ֆինանսական արդյունավետության հարցը կարող ենք լուծել հեռավոր համայնքներում կրթամշակութային կենտրոններ ստեղծելով, որը կներառի դպրոց, նախակրթարան, մանկապարտեզ, մշակութային կենտրոն։ Ըստ էության, սա կդառնա տվյալ համայնքի կարևորագույն կենտրոններից մեկը»,-ասաց նախարարը:

Այդ հաստատությունները կծառայեն ոչ միայն աշակերտներին, այլև մեծահասակներին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ընդհանուր կրթական ցենզը անկում է ապրում, այդ թվում՝ նաև մեծահասակների շրջանում: «Մենք միջնաժամկետ հատվածում նախատեսում ենք, որ կրթամշակութային կենտրոնները նաև կրթական ծառայություններ կմատուցեն մեծահասակներին, կլինի մի տեղ, ուր կգնան ոչ միայն աշակերտները, այլեւ մեծահասակները»,-հավելեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված՝ բնակչության մի հատվածի խնդրին, որն առավել սրվում է նոր ուսումնական տարում դասագրքեր և հագուստ գնելիս, Արայիկ Հարությունյանը նկատեց, որ դա ավելի շատ համայնքային մարմինների ուշադրության առանցքում պետք է լինի, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դասագրքերի զեղչային համակարգ է գործում՝ օրենքով սահմանված կարգով:

«Տվյալ կազմակերպչական խնդիրները համայնքինն են, երբ համակարգային խնդիրներ են առաջանում, այդ ժամանակ մենք որպես հանրակրթության քաղաքականություն իրականացնող գերատեսչություն, միջամտում ենք: Առանձին հարցերի կմիջամտենք, եթե խնդիրներ լինեն, բայց այդ թեմայով շրջաբերականներ չկան»,-հավելեց նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում