Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն

Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, Times.am: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դասական համամասնական ընտրակարգով: Այս մասին հուլիսի 20-ին ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի խոսքով՝ դա կհեշտացնի ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

«Ելք»-ի ու Կառավարության կողմից այս տարբերակն ընդունվել է, որովհետև արտահերթ ընտրություններ կազմակերպելու խնդիր կա: Որքան բարդ եղավ ընտրակարգը, այնքան հետաձգվելու են ընտրությունները։ Իսկ դրանց հետաձգման դեպքում այն իրավիճակը, որ այսօր մենք ունենք, երբ պարզ չէ՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, ավելի է սրվելու»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

ՀՀԿ-ն կողմ չէ այն մտքին, թե փակ համամասնական ընտրակարգից բացի այլ տարբերակը կարող է խանգարել ընտրությունների արագ անցկացմանը: ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ եթե իրենց առաջարկը չընդունվի, իրենք կպաշտպանեն ՀՅԴ-ի ծրագիրը։

«Դաշնակցության մոդելն ունի մեկ թերություն. նրանց առաջարկով չի երաշխավորվի տարածքային թեկնածուների պարտադիր ներկայացվածությունը ԱԺ-ում։ Քանի որ որևէ մեկը չպաշտպանեց այն տարբերակը, որը մենք ենք առաջարկել, այս պարագայում նախընտրում ենք դաշնակցության առաջարկը, որովհետև այն ավելի ժողովրդավարական է: Այս մոդելը հնարավորություն է տալիս ուժեղացնել ներկուսակցական ժողովրդավարությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ընտրացուցակները հաշվելու գործընթացում վերացնել կամ հնարավորինս նվազեցնել մարդկային գործոնը: Դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ սա իր մեջ ձայների հափշտակման մեծ ռիսկեր է պարունակում:

«Որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ իր կուսակիցները չեն վերցնի այլ անձի համար քվեարկած քվեաթերթիկը և դնեն իրենց անվան տակ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նույնպես հակված է մարդկային գործոնը վերացնելուն, և այս խնդրի պարագայում թիմային վստահության պակասի հարց է նկատում:

«Եթե իրարից ձայն խլելու ռիսկ կա, նշանակում է, որ թիմում ու տեղամասում վստահության մթնոլորտ չկա։ Սա ընտրական գործընթացի կարևորագույն հիմնաքարերից մեկն է, այսինքն՝ մենք չենք կարողանում ընտրությունները վերահսկել։ Կողմ եմ տեխնիկական լուծումներին, որ մարդկային գործոնը վերանա, դրա համար կարելի է նաև մեծ գումարներ ներդնել»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում քննարկվեց նաև թեկնածուների անհատական քարոզարշավ անցկացնելու հարցը: Այս հարցի շուրջ կուսակցություններն ունեն միասնական դիրքորոշում՝ պետությունն անհատին առանձին քարոզարշավ իրականացնելու հնարավորություն չի տալու:

«Անհատներն առանձին նախընտրական հիմնադրամներ չեն կարող բացել: Եթե ցանկանում են իրենց ներկայացնել, ապա կարող են դա անել սեփական միջոցներով, օրինակ՝ տվյալ տարածքում տնետուն գնալով»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, որ իրենք պատրաստ են կոնսենսուսի ու քննարկել բոլոր տարբերակները:

«Բոլորիս նպատակը մեկ միասնական նախագիծ ունենալն է։ Մենք պատրաստ ենք կոնսենսուսի ու փոխզիջման, եթե մեր առաջարկած տարբերակի հետ համաձայն չեք, կարող ենք այլ բան քննարկել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Քաղաքական ուժերը հաջորդ նիստի ընթացքում կքննարկեն ներկայացված բոլոր առաջարկներն ու կառանձնացնեն նրանք, որոնք պետք է ընդգրկվեն բարեփոխումների նախագծում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում