Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան

Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am:  Հայաստանի արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործող իշխանությունների հետ իմ հեռակա բանավեճերը ավանդույթ են դառնում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Իհարկե, աշնանային նստաշրջանում ասելիքի մեծ մասը կտեղափոխվի ԱԺ նիստերի դահլիճ:

Իսկ այսօր անդրադառնամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած որոշ տեսակետներին:

1. Արցախ

Ակնհայտ է դառնում, որ վարչապետը հետևողականորեն մեղմում է Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումները բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերակագնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիենա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն, Ղարաբաղի ժողովրդի որոշիչ ձայնի իրավունք կարգավորման համապատասխան փուլում:

2.Ռուսաստան

Խոցելի եմ համարում հնչած ձևակերպումը, որով հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է: Սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում:

3. ԵՄ

Բրյուսելյան այցից հնչած հիասթափությունից հետո վարչապետի թիմը կրկին լավ չէր նախապատրաստել Նիկոլ Փաշինյանի եվրոպական թղթապանակը: Փաստացի մեղադրելով ԵՄ-ին սեփական սկզբունքները անտեսելու մեջ անսկզբունքայնության մեջ և շեշտադրելով ԱՎԵԼԻՆ ԱՎԵԼԻԻ ԴԻՄԱՑ դրույթը՝ վարչապետը կրկին մոռացավ, որ այդ դրույթը գործում է ոչ թե ԱՎԵԼԻ հնչեղ լոզունգների, կամ ԱՎԵԼԻ էմոցիոնալ հայտարարությունների, այլ ԱՎԵԼԻ արագ բարեփոխումների, ԱՎԵԼԻ ինստիտուցիոնալ լուծումների, ԱՎԵԼԻ շոշափելի արդյունքների դեպքում: Այնինչ ներկա պահին Հայաստանը չի կատարել Համապարփակ համաձայնագրով նախատեսված գեթ մեկ գործողություն կամ բարեփոխում», – նշել է Ա. Աշոտյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում