Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան

Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապշած է Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ստացվող տեղեկություններից: Այդ մասին վարչապետն ասաց հուլիսի 20-ին հրավիրված ասուլիսում:

«Հայաստանում ինձնից շատ կոռուպցիայի թեմայով խոսող պատգամավոր ու լրագրող շատ քիչ է եղել, բայց ես հիմա ուղղակի ապշած եմ ստացված տեղեկություններից: Ես մեկ-մեկ ասում էի՝ այնպես չլինի, որ ասեն՝ դե ընդդիմություն է, պետք է չափազանցնի: Դրա համար շատ դեպքերում այդ քննադատության սրության մեջ ինձ սահմանափակել եմ, բայց այսօր ապշած եմ, որ Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է: Դա ուղղակի աներևակայելի է: Իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին դա ուղղակի ծիծաղելի է թալանի իրական մասշտաբների համեմատությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել և տեղի է ունենում: Սա ահավոր մի երևույթ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր՝ վարչապետ ընտրվելուց երկու ամիս է անցել, բայց ինքն ամեն օր զարմանում է: «Ու որքան տեսնում եմ, դեռ 4 ամիս էլ զարմանալու եմ, թե այդպիսի բան ո՞նց է հնարավոր: Պատկերացնում եք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում ասում՝ ահա, ապացույց մեկ, ապացույց երկու, ապացույց երեք և այլն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ օրերս պետական կառավարման մարմիններից մեկի ներկայացուցչին ասել է՝ էլ մի շարունակի, ես պատրաստ չեմ մեկ օրում այսքան տեղեկություն ստանալ ու հոգեկան հավասարակշռությունս եմ ուզում պաշտպանել: «Խնդրում եմ՝ հենց հիմա դադարեցրու: Երբ ինքը հանում էր ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ: Ես ասում էի՝ այսօր ինձ հերիք է, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշին պատմեք: Ու սա իրականություն է: Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու դա այն վարչապետն է, որ ամեն օր քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ հայտարարել է, որ թալանվում է երկիրը, որ կոռուպցիա է, «բեսպրեդել» է: Վարչապետին բերում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել, ու ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ: Մենք ասում ենք՝ նպաստների ոլորտում կոռուպցիա կա. կոռուպցիա՞: Կոռուպցիան ի՞նչ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում