Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում

Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում այս պահին լարված իրավիճակ է։

Կոտայքի մարզպետն ու համայնքի ավագանին չեն կարողանում համաձայնության գալ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման շուրջ։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ցանկանում նշանակել Վահան Պողոսյանին, ինչին ընդդիմանում են համայնքի ավագանու անդամները։ Մրգաշեն համայնքում ավագանու կազմը բաղկացած է 7 հոգուց, որոնցից 5-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը։ Հուլիսի 17-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է հրաժարականը եւ դիմել մարզպետին՝ օրենքով սահմանված կարգով: ՏԻՄ օրենքով համայնքի ղեկավարի հրաժարականի դեպքում, 3-օրյա ժամկետում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Times.am-ի տեղեկություններով համայնքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչն էլ ժամանակ առ ժամանակ առաջացնում էր բնակիչների դժգոհությունները։ Համայնքը հատկապես կարիք ունի ասֆալտապատման, ամբողջական լուսավորության։ Դժգոհություններ կան նաև ոռոգման ջրի և կոյուղու ոչ նորմալ աշխատանքի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում