Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը

Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է ՌԴ հարավային օկրուգի ներկայացուցիչներին:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը հանդիպել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Քննարկվել են նաև օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Գնդապետ Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից հետայսու նման հարցերում առավել զգույշ և հետևողական լինելու պատրաստակամության մասին։

Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազայի գործունեության և հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը։

Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ հուլիսի 22-ին անձամբ ժամանելու է Փանիկ գյուղ և մասնակցելու է միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում