Իշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան

Իշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, Times.am։ Փանիկում տեղի ունեցածում ոչ մի արտառոց բան չկա։ Այս մասին հուլիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Սա շատ փոքր իրադարձություն է։ Այսպիսի դեպքեր տեղի են ունեցել ու դեռ տեղի են ունենալու։ Սրանցից խուսափել չի կարելի»,- նշեց Իսկանդարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այս միջադեպից հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն փչանա։ Դրանք կշարունակեն մնալ այնպիսին, ինչպիսին կան։

«Հայ-ռուսական հարաբերությունները այսպիսի միջադեպերի պատրաստ են։ Հակառուսական տրամադրվածություն ինչպես բոլոր հետխորհրդային երկրներում, այնպես էլ Հայաստանում կա, բայց ավելի լուրջ դեպքեր էլ են տեղի ունեցել, որոնք չեն ազդել այս երկու երկրների հարաբերությունների վրա»,- ասաց Իսկանդարյանը։

Քաղաքագետն անդրադարձավ նաև առաջիկայում սպասվող ԱԺ արտահերթ և Երևանի ավագանու ընտրություններին։ Իսկանդարյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններում կլինի հերթական իշխանափոխությունը. հանրապետականներն իրենց ունեցած դիրքը կփոխանցեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին։

«Երևանը Հայաստանի 1/3-րդն է, և այստեղ իշխանություն ունենալը շատ լուրջ առաջնահերթություն է ցանկացած քաղաքական ուժի համար։ Չեմ հավատում, թե ընտրություններից հետո ավագանին գլխավորողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր չեն լինի Հայաստանի այսօրվա իշխանությունից»,- նշեց Իսկանդարյանը։

Քաղաքագետը ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված ևս նույն տեսակետն ունի։ Իսկ թե ինչ ձևաչափով Նիկոլ Փաշինյանը կգնա այդ ընտրություններին, Իսկանդարյանի խոսքով՝ կախված է հենց իր ցանկությունից։

«ՔՊ-ից բացի մյուս երկու կուսակցություններին ձեռնտու է ընտրություններին դաշինքով մասնակցելը, որովհետև այդպես մեծ կլինի հավանականությունը, որ իրենք ԱԺ-ում կհայտնվեն։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պետք է ինչ-որ մեկին իր հետ տանել խորհրդարան՝ հետագայում կոալիցիոն գործընկեր ունենալու համար»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետը վստահ է՝ որքան շուտ տեղի ունենան արտահերթ ընտրությունները, այնքան հեղափոխական էյֆորիայի ներքո գործող իշխանություններն ավելի մեծ հաջողություններ կունենան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում