Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում, որը վերանայվում և մոդեռնիզացվում է 2-3 տարին մեկ: Ծրագիրը հիմնված է քաղաքական ու անվտանգության հարցերին առնչվող իրողությունների վրա, այն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի շահերին: Այս մասին EADaily-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ գնահատական տալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին:

Պաշտպանության նախարարը որպես համագործակցության հիմնասյուներից առանձնացրել է քաղաքական երկխոսությունը, պաշտպանական ոլորտի բարեփոխումները, հայկական ուժերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին, կրթական ծրագրերը: Տոնոյանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարևորել է ինչպես հայկական զինված ուժերի բազմակողմ զարգացման ու միջազգային փոխգործակցության տեսանկյունից, այնպես էլ այն ռազմա-քաղաքական գործընթացների առումով, որոնք իրականացվում են եվրոատլանտյան անվտանգության համակարգի շրջանակում:

«Մեր խորին համոզմամբ, Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին: Ավելին, Հայաստանն իր պաշտպանական քաղաքականությունը կառուցում է՝ հաշվի առնելով ՀԱՊԿ գործընկերների շահերը և մշտապես կոչ է անում նրանց վարվել նույն կերպ: Հայաստանն ակտիվ դերակատարում ունի ՀԱՊԿ ինտեգրացիոն գործընթացներում: Իհարկե, գործընկեր պետությունների հետաքրքրությունները, հետևաբար նաև քաղաքականությունը չեն կարող նույնական լինել: Մենք փորձում ենք ըմբռնումով մոտենալ մեր գործընկերների ռազմա-քաղաքական համագործակցությանն այն երկրների հետ, որոնք բացահայտ թշնամական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատել ՀԱՊԿ գործընկերային մեխանիզմների ամրապնդման շուրջ, որպեսզի միասնական մոտեցում ցուցաբերվի ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն առնչվող հարցերին»,- ասել է Տոնոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում