ԼՂ հարցի կարգավորման պայմանների ստեղծում, բանակի իմիջի բարձրացում և արտաքին կապերի ամրապնդում. ՊՆ առաջնահերթությունները

ԼՂ հարցի կարգավորման պայմանների ստեղծում, բանակի իմիջի բարձրացում և արտաքին կապերի ամրապնդում. ՊՆ առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պաշտպանության ոլորտում նախարար Տոնոյանի համար թիվ մեկ առաջնահերթությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումն է:

EADaily-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «…Ինձ համար առաջնահերթ խնդիր է բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այստեղ պետք է նկատել հակասությունը «խաղաղություն» և «ռազմական պայմաններ» հասկացությունների միջև: Սակայն, ինչպես սառը պատերազմի տարիներին էին ասում, «հրթիռները ստեղծվում են ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար»: Հայաստանը Արցախի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է»,-ասել է նախարարը:

Նա նկատել է, որ Հայաստանի զինուժը նախաձեռնողական արտաքին քաղաքականության հետ կոչված է ապահովելու բանակցային պայմաններ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում: Այդ համատեքստում նախարարը կարևորել է ՀՀ ԶՈՒ մշտական սթափեցնող գործողություններն ու համագործակցությունն Արցախի բանակի հետ հակառակորդի ագրեսիան զսպելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի անդադար ռազմատենչ հռետորաբանության կիրառումն ու հայտարարությունները՝ հակամարտության լուծումը ուժի հնարավոր կիրառման միջոցով:

«Հաջորդ առաջնահերթությունը բանակի հեղինակության բարձրացումն է երկրի ներսում: Այս հարցում իմ ուշադրությունը կենտրոնացած է հատկապես քաղաքական գործընթացներում բանակի չեզոքության ապահովման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման, զինվորական վարքականոնի ամրապնդման, բանակի համար գնումների մեխանիզմների կատարելագործման և զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման վրա»,-վստահեցրել է նախարար Տոնոյանը:

Անդրադառնալով երրորդ առաջնահերթությանը՝ նախարարն ասել է, որ իրենց համար կարևոր է նաև բանակի արտաքին կապերի ամրապնդումը: «Պաշտպանության նախարարությունը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի շրջանակներում կշարունակի ընդլայնել կապերը դաշնակցային ու գործընկերային կապերի աշխարհագրական ու բովանդակային տարածքը»,-ասել է Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ բանակի առաջնահերթություններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Կառավարության ծրագրի պաշտպանության ոլորտի զարգացման իր տեսլականում: Այն վերջերս հրապարակվել է և առաջիկայում հասանելի կլինի նաև ռուսերեն տարբերակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում