Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված չեն եղել Արցախի ՊԲ հաշվեկշռում

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված չեն եղել  Արցախի ՊԲ հաշվեկշռում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկատվություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով և նշել, որ հիշյալ քրեական գործով երբևէ չի հաղորդվել, որ նրան պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված են եղել Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ նշված է. «Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով հասարակության և զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրվածությունն ու քրեական գործի որոշ դրվագների վերաբերյալ ԶԼՄ-ներից ստացվող բազմաթիվ հարցումները` անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հիշյալ քրեական գործով երբևէ չի հաղորդվել, որ Մ. Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված են եղել Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին մի շարք բարերարներ բազմաթիվ ավտոմեքենաներ են նվիրաբերել Արցախի պաշտպանության բանակին, սակայն դրանց մի մասը չի հասել հասցեատերերին, այլ հայտնաբերվել է Մ. Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկություններով: Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենաները հաշվառվել են Մ. Գրիգորյանի մտերիմ անձանց անուններով:

Նախաքննությունը շարունակվում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում