Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ

Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցությունը  ՀՀ պաշտպանության նախարարության հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը hուլիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Միացյալ Թագավորության համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները, որոնք առնչվում են տարբեր ուղղություններով խորհրդատվական աջակցությանը, ռազմական կրթությանը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությանը և այլ ոլորտների! :

Դավիթ Տոնոյանը նշել է նաև երկու երկրների պաշտպանական քաղաքականության և պաշտպանական համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների միջև ռազմաքաղաքական երկխոսության կանոնավոր անցկացման կարևորությունը:

Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցությունը սահմանված ոլորտներում և հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած ուղղություններով խորհրդատվական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը` ներառյալ պետական գնումների օրենսդրությանը վերաբերող ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում