ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ

ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին գրառում էր կատարել «ֆեյսբուք»-ի իր էջում՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետների ֆորմատ) իր մասնակցության վերաբերյալ: «Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում, եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:

Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին եւ վարչապետների խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ:

Քանի որ դեռեւս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում»,- հայտնել էր Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում