Որդուս ծառայությունը Ղարաբաղում նշանակում է, որ ոչինչ չեմ խնայի իմ երկրին ու ժողովրդին պաշտպանելու համար. Փաշինյան

Որդուս ծառայությունը Ղարաբաղում նշանակում է, որ ոչինչ չեմ խնայի իմ երկրին ու ժողովրդին պաշտպանելու համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու այն խաղաղ միջոցներով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությանը:

Վենեդիկտովը հետաքրքրվել է, թե ինչու է վարչապետն իր որդուն ուղարկել հենց Ղարաբաղ ծառայելու, ինչին ի պատասխան Փաշինյանը նկատել է, որ որդին գնացել է կամավոր սկզբունքներով: «Շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ, բայց հակառակը, դա խաղաղասիրական քայլ է: Բոլորս էլ հասկանում ենք, որ երբ որդուս ուղարկում եմ Ղարաբաղ, չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի. Աստված չանի, մահանա իմ որդին կամ իմ հայրենակիցների որդիները, կամ շարքային ադրբեջանցիների որդիները: Դա տրամաբանական չէ: Ես դա չեմ ուզում: Ուրախ կլինեի, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս որդուն այնտեղ ուղարկեր ծառայելու: Եթե նրա որդի ևս այնտեղ ծառայեր, ես դա կընդունեի որպես խաղաղասեր քայլ: Բոլորս համոզված կլինեինք, որ պարոն Ալիևը ևս չի ցանկանա, որ իր որդին մահանա»,- ասել է Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե ինչու է ՀՀ վարչապետը պատերազմի աճող սպառնալիք տեսնում՝ Փաշինյանը նկատել է, որ պատճառն Ադրբեջանի իշխանությունների ռազմական հռետորաբանությունն է: «Մենք խոսում ենք նրա մասին, ինչ մտածում ենք: Համենայնդեպս, ես միշտ այդպես եմ արել»,- նշել է նա:

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ցանկացած իրավիճակում Հայաստանը միշտ ադեկվատ պահվածք է ցուցաբերելու: «Այն, որ որդիս ծառայում է Ղարաբաղում, նշանակում է, որ ես պատերազմ չեմ ցանկանում, սակայն դա նաև նշանակում է, որ ոչինչ չեմ խնայի իմ երկրին ու ժողովրդին պաշտպանելու համար: Եթե Ադրբեջանը պատերազմի սկսի, մենք կսկսենք պատերազմել՝ չնայած չենք ուզում»,- նշել է նա:

Փաշինյանը հիշեցրել է, որ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Այդուհանդերձ, ՀՀ վարչապետն այդ ծանոթությունն անարդյունավետ է որակել, քանի որ Բրյուսելում, որտեղ ժամանել էր նաև Ադրբեջանի նախագահը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կողմերն այդպես էլ չեն ողջունել միմյանց:

Վենեդիկտովի նկատառմանը, թե Փաշինյանը կարող է զանգահարել Ալիևին, վարչապետը կատակել է. «Գիտեք՝ շատ լավ միտք է, բայց ես նրա հեռախոսահամարը չունեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում