Քանի դեռ օրենսդրական փոփոխություններ չեն եղել, պետք է շարժվել առկա օրենքի տառին համապատասխան. ՊԵԿ նախագահ

Քանի դեռ օրենսդրական փոփոխություններ չեն եղել, պետք է շարժվել առկա օրենքի տառին համապատասխան. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Մինչ աշնանը նախատեսվող հարկային ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացումը, Պետեկամուտների կոմիտեն պետք է առաջնորդվի ներկայում առկա օրենքի տառին համապատասխան: Նման հայտարարությամբ հանդես եկավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՓՄՁ-ների կողմից հնչող բողոքներին՝ կապված հարկային բարձր դրույքաչափերի հետ, ինչն էլ նրանց դրդում է չտրամադրել ՀԴՄ կտրոններ: Իսկ սրա արդյունքում էլ տուգանվում են։

«Փոքր ու միջին բիզնեսով զբաղվող հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում, եթե նախկինում իրականացվել է, և, նրանց կարծիքով, ներկայում սխալ վարչարարություն է արվում իրենց հանդեպ, մենք մամուլի հաղորդագրության մեջ տվել ենք կոնտակտային տվյալներ ու խնդրել, որ բոլորն այդ մասին ահազանգեն: Մենք էլ բոլորի հարցերն առանձին կքննարկենք»,-ասաց Դավիթ Անանյանը: «Արդյոք պաշտոնյան չի՞ վախենում, որ դժգոհությունները կարող են վերաճել բունտի» հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ես բունտերից չեմ վախենում, որովհետև բունտերով չպետք է շարժվենք, այլ օրենքի տառը լիակատար կերպով պահպանելու պահանջով։ Եթե օրենսդրությունը լավը չի, պետք է փոխենք»:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ կառավարությունը սեպտեմբերին «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթով գնալու է Ազգային ժողով: «Մինչ դա կյանքի կկոչվի, մենք որպես ՊԵԿ, որպես վարչարարություն իրականացնող մարմին, պարտավոր ենք շարժվել օրենսդրության տառին համապատասխան: Եթե դա հարկ վճարողների դուրը չի գալիս, կներեք, բայց մենք դուրը չգալու, մեզ հարգելու, բունտ անելու կատեգորիաներով չենք շարժվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում