Ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի. ՊԵԿ նախագահը Դիլիջանի ուսկենտրոնի չարաշահումներում Գագիկ Խաչատրյանի առնչության մասին

Ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի. ՊԵԿ նախագահը Դիլիջանի ուսկենտրոնի չարաշահումներում Գագիկ Խաչատրյանի առնչության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի բացառում նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներգրավումը Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացներում տեղ գտած չարաշահումների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: Այդուամենայնիվ ՊԵԿ նախագահը նկատեց, որ այդ մասին ինքը չէ, որ պետք է խոսի:

«Գագիկ Խաչատրյանը կարո՞ղ է այս գործում մասնակցություն ունենալ» հարցին ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց. «Կարող է ունենալ, բայց հիմա ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի: Քանի որ նրա օրոք է եղել (հեղ. – կենտրոնի շինարարությունը), հնարավոր է, որ նա (հեղ. – Գագիկ Խաչատրյանը) ևս ընդգրկվի այդ պրոցեսներում, բայց դա ես չպետք է որոշեմ, քննիչը պետք է որոշի»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, 2.3 միլիարդ դրամի գործարքների առնչությամբ այս պահին իրականացվում են քննչական գործողություններ: «Դատախազության կողմից ուսումնասիրության նյութերն ուղարկվել են մեր քննչական վարչություն: Խոսքը գնում է գնման ընթացակարգերի չպահպանման մասին»,- ավելացրեց պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում