Գործընթացները պետք է տեղի ունենան իրավական հարթության վրա. ՀՅԴ-ն Քոչարյանի դեմ ներկայացված մեղադրանքի մասին

Գործընթացները պետք է տեղի ունենան իրավական հարթության վրա. ՀՅԴ-ն Քոչարյանի դեմ ներկայացված մեղադրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք ներկայացնելու առնչությամբ: Հայտարարության մեջ ՀՅԴ-ն ողջունելի է համարել օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Քաղաքական ուժը խիստ կարևորել է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։

«Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու կարևորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը և ներհասարակական համերաշխությունը։

Արցախի և Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների և, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որևէ դրսևորման բացառում»,- ասվում է հայտարարության մեջ։

ՀՅԴ-ն համոզմունք է հայտնել, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ և որևէ հարցի հետապնդման ձև չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։

«Այս համատեքստում ենք դիտարկում նաև 2008 թ. մարտի 1-ի և նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը»,- նշվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մտահիչ է համարել մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը, ինչը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում