«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժաշխատողները փակել են հիվանդանոցի դռները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժաշխատողները փակել են հիվանդանոցի դռները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am:  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից Արա Մինասյանի ազատման փաստը դժգոհություններ է առաջացրել բուժհիմնարկի աշխատողների շրջանում, և նրանք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Բուժաշխատողները հայտարարել են, որ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանի ազատումը անհիմն է, չկան ապացույցներ հայտարարվող չարաշահումների մասին։

Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը»։

Aysor.am-ի թղթակիցը հիվանդանոցից տեղեկացնում է, որ բուժաշխատողները փակել են հիվանդանոցի դռները և պահանջում են, որ «երկիրը չմո համարող» նախարարը ներկայանա և պարզաբանումներ ներկայացնի հիվանդանոցի աշխատողներին։

Նշվում էր, որ չարաշահումներով կարող են զբաղվել իրավապահ մարմինները և մինչ նրանց եզրակացությունը, նախարարը հայտարարություններ է կատարել։

Ակցիայի մասնակիցներից մեկը նույնիսկ հարցով դիմեց ներկա լրագորղներին. «Մի հատ հետաքրքրվե՞լ եք, թե էդ նախարարը ինչո՞ւ չի ծառայել բանակում, դե հետաքրքրվեք։ Նա ազգային բանակին անպիտան ծառայող է եղել»։

Ակցիայի մասնակիցների շրջանում շրջանառվում է տեղեկություն, որ կա հիմնավոր կասկած, թե առողջապահության նախարարը այս ամենն անում է, որպեսզի երկրորդ պլան մղվի իր՝ զինվորական ծառայությունից ազատվելու հարցը, քանի որ այդ հարցը շուտով օրակարգային էր դառնալու, հետևաբար այս քայլով «նախարարը օգագործում է հարմար առիթը, որպեսզի հանրությանը համոզի, որ ինքը կաշառքով չի ազատվել բանակից»։

Հիվանդանոցում են նաև ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում