Առողջապահության նախարարը պետք է հիմնավորի իր քայլերը, չեմ կարծում, որ հիմքեր կան. Դերենիկ Դումանյանը՝ Արա Մինասյանին պաշտոնից ազատելու նախարարի որոշման մասին

Առողջապահության նախարարը պետք է հիմնավորի իր քայլերը, չեմ կարծում, որ հիմքեր կան. Դերենիկ Դումանյանը՝ Արա Մինասյանին պաշտոնից ազատելու նախարարի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Առողջապահության նախարարը պետք է հիմնավորի իր ասածը, իր քայլերը, չի կարելի այդպես. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը՝ անդրադառնալով Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին պաշտոնից ազատելու մասին նախարարի որոշմանը:

«Չեմ կարծում, որ հիմքեր կան, որքան գիտեմ՝ դեռևս ստուգումներ են իրականացվում, և եթե չեմ սխալվում՝ չեն էլ ամփոփվել այդ տվյալները»,-ասաց նա:

Դերենիկ Դումանյանը նշեց, որ Արա Մինասյանը մեծ վաստակ ունի և նման վերաբերմունքն անընդունելի է: «Շատ պատրաստված մասնագետ է, բացի այդ, ինքը նաև մեծ գործ է կատարել և՛ պատերազմի տարիներին, և՛ դրանից հետո, հազարավոր մարդիկ են անցել այդ կառույցով, ուղղակի կարելի էր հարգալից վերաբերվել նման ճանապարհ անցած անձանց նկատմամբ»,-ասաց նա:

Հարցին, թե ըստ նրա, նախարար Թորոսյանի նման քայլերն անձնավորվա՞ծ են, Դերենիկ Դումանյանը պատասխանեց, թե չի կարծում. «Չեմ կարծում, որ անձով է պայմանավորած, չեմ կարծում, որ մեկը Արա Մինասյանին ճանաչի ու նրա անձի հետ խնդիր ունենա։ Ինձ համար էլ անհասկանալի է, թե ինչու են նման քայլերի դիմում»:

Նախկին նախարարը նշեց, որ չպետք է հասցնել նման իրավիճակի, որ կոլեկտիվները դուրս գան բողոքի:

«Դա հիվանդանոց է, դա խանութ չի, առևտրի կենտրոն չի, ռեստորան չի, անտեղ հիվանդներ են մտնում, ամեն րոպե ծանր հիվանդներ են գալիս գնում, բժիշկները պետք է հանգիստ պայմաններում պետք է աշխատեն, եթե դու ինչ-որ խնդիր ունես, մեկին ուզում ես աշխատանքից ազատես, դրան օրինական 100 և ավելի տեսակ կա, ձև կա, բայց ոչ այս ձևը»,-ասաց նա, միաժամանակ շեշտեց, որ իր համար ընդունելի է նաև, որ բուժհիմնարկի կոլեկտիվն էլ այս մեթոդներն է ընտրել: «Չէ որ հիվանդներ կան, ամենամեծ հիվանդանոցն է Երևան քաղաքի»,-ասաց նա:

Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում