Վիկտոր Սողոմոնյան. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Վիկտոր Սողոմոնյան. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «ՀՀ պաշտոնաթող նախագահի դեմ հարուցված և քրեական գործը, և մեղադրանքը բացարձակապես ապօրինի են»,-ընթացող ասուլիսում նման գնահատական հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով նրա կալանավորմանը:

Սողոմոնյանի խոսքով, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է:

«Սա վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա, քաղաքական ու անձնական հաշվեհարդար է, որը չունի որևէ իրավական հիմնավորում: Ես հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում, վստահ եմ, դուք էլ հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում, հասկանում եք, թե ինչու է մեղավոր նշնակվել հենց Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այդ գործընթացը, որը որևէ կապ չունի մարտի մեկի տասը զոհերի սպանության գործի բացահայտման հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ, ՀՀ երկրորդ նախագահը երկու ամսով կալանավորվեց:

Գրասենյակի ղեկավարը նշեց՝ ցավ է ապրում, որ Հայաստանի պատմության համար այսչափ կարևոր գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակներին:

«Եվ ես ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարությունները և գործողությունները տրամագծորեն տարբերվում են իրարից»,-նշեց Սողոմոնյանը:

Բանախոսի կարծիքով, ՀՔԾ-ի քայլերը, շտապողականությունը, կեսգիշերին որոշման հրապարակումը շատ խոսուն են, նույնիսկ մեկնաբանության կարիք չունեն:

«Թեև ես դրանք մեկնաբանելու եմ և այսօր, և վաղը, և ամեն օր: Կրկնում եմ, Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի: Քրեական գործը, որը սարքվել է նրա դեմ, ապօրինի է, կապ չունի ՀՀ օրենքի հետ, ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը: Մենք պահանջում ենք և պահանջելու ենք, անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը և բողոքարկելու ենք դատական կարգով»,-խոսքը եզրափակեց Սողոմոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում