Հենց սկզբից էլ դեմ ենք եղել այս կառույցին․ Եղվարդի բնակիչները նավթավերամշակման գործարանի մասին

Հենց սկզբից էլ դեմ ենք եղել այս կառույցին․ Եղվարդի բնակիչները նավթավերամշակման գործարանի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Սույն թվականի հուլիսի 28-ին ԶԼՄ-ի ներկայացուցիչներն այցելել էին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «ՆԱՏԻ» թաղամաս, որն ունի ավելի քան 300 բնակիչ և 120 տնային տնտեսություն: Թաղամասում առկա են բնակելի տներ, 600 հեկտարից ավելի մշակովի բերքատու այգիներ, սննդամթերք արտադրող գործարաններ (գինու, կոնյակի, կաթնամթերքի, սուրճի, պահածոների և այլն), արոտավայրեր:

Լրատվամիջոցների շրջայցը կայացել էր «Ռիվալ» ՍՊԸ-ի հրավերով: Ընկերությունը 2008 թ.-ից զբաղվում է էկոլոգիապես մաքուր չրերի արտադրությամբ, որոնք արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն և այնտեղից Դոմինիկյան Հանրապետություն, Կանադա, շուտով նաև Լատվիա, Չեխիա, Գերմանիա: «Ռիվալ» ՍՊԸ-ի արտադրանքը ԳՄՕ չի պարունակում: Արտադրության մեջ օգտագործվում են ինչպես այն մրգերը, որոնք աճեցվում են էկոլոգիապես մաքուր միջավայրում գործարանին կից 5 հեկտար պտղատու այգիներում (ավելի քան 4500 պտղատու ծառ), այնպես էլ ամեն տարի մեծ քանակությամբ միրգ է մթերվում նաև գյուղացիներից: Ընկերությունն ավելի քան 55 աշխատատեղ է ապահովել թաղամասի բնակիչների համար «Ռիվալ» ՍՊԸ-ի պտղատու այգիներն ու արտադրամասը գտնվում են «ՆԱՏԻ» թաղամասում՝ «ԱրմՕյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանի անմիջապես հարևանությամբ:

Շրջայցի կազմակերպման համար առիթ էր հանդիսացել «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից 2018 թ-ի հուլիսի 16-ին ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կայացրած որոշման անտեսման փաստը: Կայացվել է որոշում կասեցնել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «ՆԱՏԻ» թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը:

«Մենք դեմ չենք, որ այստեղ կառուցվի գործարան և անձնական խնդիր չունենք «Արմօյլ» ՓԲԸ-ի սեփականատերերի հետ: Պարզապես մենք և մեր թաղամասի բնակիչներն արդեն մեկ տարուց ավելի է համապատասխան գերատեսչական մարմիններից, համայնքի ղեկավարությունից պահանջում ենք մեզ ներկայացնել մասնագիտական փաստաթուղթ, որը կապացուցի, որ գործարանի շահագործումը վտանգ չի ներկայացնում մեր բնակիչների առողջության և մեր այգիների ու արտադրության համար»,- այս հարցի շուրջ իր դիրքորոշումն է արտահայտում «Ռիվալ» ընկերության սեփականատեր Ռաֆիկ Վիրաբյանը:

«Այն ինչ տեսնում եք, հսկայական ներդրումների արդյունք է: Պլանավորում ենք նաև արտադրանքի ծավալներն ավելացնել. գործարկելու ենք նոր արտադրություն՝ պահածոների գործարան, որտեղ մուրաբաներ ենք արտադրելու: Ապահովելու ենք ևս 100 աշխատատեղ: Եվ այս ամենը վտանգված է»,- ասում է Ռաֆիկ Վիրաբյանը:

Ռաֆիկ Վիրաբյանը հույս է հայտնում, որ Կառավարությունն անպայման կարձագանքի: Ընթացող քննությունից գոհ են, բայց դեռ արդյունքը չեն տեսնում:

«Ռիվալ» ՍՊԸ գործադիր տնօրեն Արամ Ղազարյանը նշում է. «Արտասահմանյան ցանկացած գործընկերոջ հետ նախքան պայմանագիր կնքելը մեր արտադրանքն իրենց կողմից անցնում է լաբորատոր բազմաթիվ ստուգումներ: Մեր արտադրանքի շուկայական պահանջարկը տարեցտարի մեծանում է շնորհիվ բարձր որակային հատկանիշների, ISO միջազգային սերտիֆիկատների, որոնք տրված են և´ մեր արտադրական պրոցեսի, և´ պահեստային տնտեսության և ընդհանուր գործունեության համար: Այս տարի նախատեսում ենք արտահանել 80-100 տոննա չիր, ինչը նշանակում է, որ պետք է 500 տոննա միրգ մթերենք: Նավթամթերքի գործարանի շահագործումը կարող է վտանգել մեր արտադրանքի որակային հատկանիշները»:

«Ռիվալ» ընկերության ներկայացուցիչները փաստում են, որ քաղաքաշինական նորմերը ևս բացահայտ խախտված են, քանի որ կառուցվող գործարանի պատը չի գտնվում այգու պարսպից անհրաժեշտ 3 մետր հեռավորության վրա: Այս հարցով բազմիցս դիմել են ճարտարապետներին, քանի որ անկախ գործարանի շահագործումն արդեն ունի ձյան հալոցքային ջրերի և անձրևաջրերի հեռացման պայմանների ապահովման խնդիրներ:

«Ռիվալ» ՍՊԸ-ն իր հողերը նախնական փորձաքննության է ենթարկել, որպեսզի նավթամթերքի վերամշակման գործարանի շահագործման դեպքում նախնական պատկերացում ունենա, թե ընկերության հողերը, ծառերն ինչ փոփոխությունների են ենթարկվում, քանի որ երաշխիքներ դեռ չկան:

Լրագրողները զրուցել էին նաև «ՆԱՏԻ» թաղամասի բնակիչների հետ:

«Հենց սկզբից էլ մենք բնակիչներով դեմ ենք եղել այս կառույցին, որովհետև լսել ենք, որ նավթավերամշակման գործարան է այստեղ կառուցվելու, չնայած որ մեզ ասում էին որ սա ընդհամենրը պահեստ է: Այս հսկայական ամբարները, որոնք տեսնում եք, ընդամենը 40-50 մ հեռավորության վրա են գտնվում մեր տներից: Թվում է՝ մենք չենք հասկանում, բայց լավ էլ համացանց ենք մտնում, նմանատիպ գործարաններ ենք ուսումնասիրում, տեսնում ենք, թե էլ որտեղ իրենք ունեն գործարան: Արաբական մի երկրում իրենց գործարանը հենց միջերկարական ծովի ափին է: Մենք մանրամասն ուսումնասիրեցինք և պարզեցինք, որ շրջակայքում ոչ մի կանաչ տարածություն չկա, և ամենամոտ բնակավայրը դրանից հեռու է 10-11 կմ-ով: Հուլիս ամսին արաբական մի երկրում նմանատիպ մի նավթամբար է պայթել, և բեկորները տարածվել են մինչև 20 կմ: Հեռուստատեսությամբ ասացին, որ պատճառը բարձր ջերմաստիճանն է եղել»,- իր մտահոգությամբ կիսվում է «ՆԱՏԻ» թաղամասի բնակիչ Անժելա Մկրտչյանը:

«Ասում են, որ ունեն շատ լավ հակահրդեհային համակարգեր: Դրանք պետք է աշխատեն հրդեհի ժամանակ, և գործարանը ոչ մի վտանգ չի ներկայացնում: Իսկ եթե այդ համակարգը չաշխատե՞ց: Այդ ժամանակ ինչպե՞ս են պատասխանատվություն կրելու: Այնպես որ այստեղ ապրելը մեզ համար ռիսկային է և վտանգավոր»,-հուսահատ հավելում է Անժելա Մկրտչյանը:

Լրագրողների այն հարցին, եթե «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից լինի բնակության վայրը փոխելու առաջարկ, արդյոք կհամաձայնվեն, «ՆԱՏԻ» թաղամասի բնակիչ Հրաչ Սամսոնյանը պատասխանեց.

«Ոչ մի դեպքում, իրենք կտեղափոխվեն, բայց մենք՝ ոչ: Մենք այստեղի բնակիչ ենք: Մենք ենք այս ամենը ստեղծել, ոչ թե իրենք: Շատ ամայի տարածքներ կան, ինչու՞ են հենց այստեղ կառուցում: 4-5 երկրում ունեն նմանատիպ գործարան և դրանցից ոչ մեկը բնակավայրի մոտ չի գտնվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում