Իտալիան կշարունակի աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը և կխորացնի Հայաստանի հետ հարաբերությունները. Արմեն Սարգսյան

Իտալիան կշարունակի աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը և կխորացնի Հայաստանի հետ հարաբերությունները. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի միջև զրույցն ընթացել է ջերմ մթնոլորտում, եղել է բավական բովանդակալից քննարկում հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ: Երևանում ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ կողմերը վերահաստատել են միջպետական հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը:

«Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր, դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում: Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարի լինելով նաև ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Անդրադարձանք Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Սա ևս մի հարթություն է, որտեղ հայ-իտակական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկար ունենք: Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ՀՀ նախագահը նշեց, որ երկկողմ գործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորել են երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ: Երկու երկրների նախագահներն արձանագրել են տնտեսական, գործարար, մշակութային և գիտակրթական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկային շփումների կարևորությունը:

«Կարևորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը, մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա Երևանում հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի բացումով, որը տեղի կունենա վաղը: Վստահ եմ, որ պարոն նախագահի պետական այցն ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունը և բազմոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»,- հավելեց Արմեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում