Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում. Էդուարդ Շարմազանով

Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Վերջին զարգացումներՆ ու Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ-ների հրապարակային հայտարարություններն ու փոքրիկ փոխհրաձգությունն ակնհայտ են դարձնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նույնը վերաբերում է նաև ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններին: Մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք նախևառաջ մեր պետական շահը սպասարկելու առաջնահերթությունից ելնելով», – նշեց նա։

Է. Շարմազանովի խոսքով՝ այսօր, ավելի քան երբևէ, պետք է զգոն լինել ու գիտակցել, որ ՀԱՊԿ-ը մեզ համար այլընտրանք չունի:

«Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ որևէ այլ ձևաչափ չեն կարող արդյունավետ փոխարինել ՀԱՊԿ-ին: Անվտանգություն ու Արցախի խնդրի հայանպաստ լուծում. սա է մեր գլխավոր մարտահրավերը: Ինչպես կասեր Ջոն Ֆ. Քենեդին, եթե ներքաղաքական սխալների պատճառով մենք պարտվում ենք ընտրությունները, ապա արտաքին քաղաքական սխալները պետությանը կարող են տանել դեպի անդունդ», – ասաց նա։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ժամանակն է գիտակցել ամենաառաջնայինը։

«Իսկ որն է ՀՀ-ի համար ամենաառաջնայինը՝ դա արտաքին անվտանգության մարտահրավերն է, իսկ սպառնալիքը՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հերիք է մենք մեր մեջ ներքին թշնամի փնտրենք: Հերիք է բաժանվենք բոլշևիկի ու դաշնակցականի, ՀՀՇ-ականի ու ԱԺՄ-ականի, հանրապետականի ու նիկոլականի: Հերիք է: Հայրենիքը բոլորինս է: Ամեն ինչը թողեք պատմությանը, այն բոլորին կհատկացնի իր տեղը: Եթե իհարկե հիշի», – հավելեց Է. Շարմազանովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում