Սոցաջակցության Ստեփանավանի գործակալությունում պետությանը 587 մլն դրամի վնաս պատճառելու գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ

Սոցաջակցության Ստեփանավանի գործակալությունում պետությանը 587 մլն դրամի վնաս պատճառելու գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումների իրական ծավալները, դրանց առնչություն ունեցած անձանց պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ պետությանը 587.160.000 մլն ՀՀ դրամի վնաս պատճառվելու վերաբերյալ։

Նախնական քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումները կրել են տևական բնույթ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիսը, հստակեցվել դրանց մեխանիզմը։

«Մասնավորապես՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել՝ տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել»,- նշված է հաղորդագորթյունում։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, նշված առերևույթ հափշտակությունները կատարելիս, համագործակցել են «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

«Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ 9 անձի առնչության վերաբերյալ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 3-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Մեղադրյալներից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հուլիսի 25-ին հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ. հուլիսի 30-ի դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.378.000 ՀՀ դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում