Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում

Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին՝ 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք հրավիրենք: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես Ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք,- ասաց նա՝ հավելելով, որ բացի այդ, ցանկանում է հանրահավաքի միջոցով կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում, և ինչ է տեղի ունենալու հետո,- ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար, և կոնկրետ ինչ քայլերով ենք մենք պատրաստվում առաջիկայում այդ զարգացումն ապահովել, ինչ զարգացումներ, ինչ մարտահրավերներ կան, և ինչպես ենք մենք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները կառավարել, և ընդհանրապես խոսել այսօրվա Հայաստանի, երեկվա և վաղվա Հայաստանի մասին»:

 Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրահավաքը չափազանց կարևոր իրադարձություն է: Նա նշեց, որ կարծում է՝ յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է՝ ապագայի կայուն հիմքերը դնելու համար, և արդեն գործնականում ՀՀ-ի զարգացման մեկնարկը տալու համար և այն խնդիրների մասին խոսելու համար, որի հետ այս ընթացքում ՀՀ նոր կառավարությունը բախվել է:

«Ուրախ եմ, որ Ձեզ հետ հանդիպելու հնարավորություն է լինելու այն հրապարակում, որտեղ միասին իրականացրինք սիրո և համերաշխության հեղափոխությունը»,- ասաց նա՝ բոլորին օգոստոսի 17-ին կրկին հրավիրելով Հանրապետության հրապարակ,-հանդիպման ֆորմալ առիթը իմ ընտրվելու հարյուր օրն է, իսկ ընդհանուր առմամբ մեր խոսակցության առիթը լինելու է մեր երկրի այսօրը և վաղվա ապագան, որը կարծում եմ՝ չեք կասկածում, որ լինելու է փառավոր և հաղթական»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում