ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար

ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է:

«Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում եմ մի քանի անուն էլ է ավելանալու»,-ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և երկու փոխխոսնակները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը ևս ստորագրել են ձևաթղթի տակ:

Մեր հարցին՝ ներկայացվել է արդյոք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան , Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ բողոքը դեռ չի ներկայացվել, բայց պաշտպաններն այն կներկայացնեն օգոստոսի 1-ին՝ օրվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում