Վստահության ճգնաժամ հայկական երկու պետությունների հարաբերություններում

Վստահության ճգնաժամ հայկական երկու պետությունների հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը նախօրեին կոչ է արել արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել ՀՀ մի շարք քաղաքական գործիչների ու վերլուծաբանների՝ հողեր զիջելու մասին հայտարարությունների վերաբերյալ: Գեներալ Ղարամյանի կոչին արձագանքեցին արցախյան ազատամարտի մի շարք ճանաչված հրամանատարներ, հասարակական կազմակերպություններ, առանձին անհատներ և այլն։

Հստակ է, որ հայկական երկրորդ պետության հանրությունը մտահոգված է։ Արցախցիները նախկինի պես վստահ չեն ՀՀ իշխանությունների, հնարավոր է նաև հասարակական աջակցության մասին հարցում։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ժողովրդական կոնսոլիդացիան Արցախում սկսվել է հենց հիմա։ Ինչու՞ նման բանի մենք ականատես չեղանք, օրինակ, 2017թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ հողեր հանձնելու միջոցով խաղաղություն ապահովելու մասին խոսում էր ոչ թե ինչ-որ անգրագետ կին քաղաքական գործիչ, այլ մի ամբողջ կուսակցություն և ուժ, որի գլխին կանգնած էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այն ժամանակ արցախցիների վերաբերմունքը նման կոչերին շատ հստակ էր ձևակերպված. շան տեղ չէին դնում այդպիսի հայտարարություններ անողներին։ Իսկ հիմա ահա գեներալները վեր են կացել ու պահանջում են, որպեսզի արցախցիները դիրքորոշում հայտնեն։ Եվ սա կարևոր իրողություն է։ Ի վերջո բոլորին է պարզ, որ արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում վճռորոշ խոսքի իրավունքը հենց Արցախի բնակիչներինն է։ Նրանք պետք է որոշեն, ավելի ճիշտ՝ վերահաստատեն այն որոշումը, որի արդյունքում Արցախը 90-ականների սկզբների կայացավ որպես անկախ և ինքնաբավ պետություն։ Հետևաբար պետք չէ սպասել, որպեսզի նրանց խոսքը ուշանա։ Հատկապես, երբ վստահությունը ՀՀ հանդեպ այդքան նվազել է։

Իսկ ահա վստահության խնդիրն իսկապես շատ լուրջ է։ Իհարկե, չի կարելի ասել, թե սա աննախադեպ իրողություն է, բայց հատկապես հիմա, երբ Արցախը կանգնած է նոր պատերազմի շեմին, վստահության պակասը լուրջ մտահոգությունների առիթ է տալիս։ Իսկ ամենացավալին այն է, որ վստահության պակասն անհիմն չէ (հիմքերի մասին կխոսենք մեկ այլ հրապարակման մեջ)։ Հետևաբար արցախցիները պարզապես ստիպված են իրենց ձայնը կրկին լսելի դարձնել։ Թեկուզ և հանրահավաքներով, բայց, հավանաբար, ոչ միայն այդպես։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում