Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման դիմումը Վերաքննիչ դատարանը մինչև երեքշաբթի չի քննելու

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման դիմումը Վերաքննիչ դատարանը մինչև երեքշաբթի չի քննելու

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման դիմումը Վերաքննիչ դատարանն օգոստոսի 4-ին չի քննելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Երեկ ՀՔԾ պետի կողմից թյուրիմացաբար տեղեկատվություն հնչեցվեց, իբրև Վերաքննիչ դատարանը մեր բողոքը քննելու է այսօր: Այդպիսի բան չկա, երկուշաբթի օրը դեռևս բողոքարկման օր է, և առնվազն մինչև երեքշաբթի օրը բողոքը չի քննվելու»,- ասաց Ալումյանը:

Փաստաբանի խոսքով` ինքը պատրաստվում է երկուշաբթի օրը նաև իր կողմից բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան, իսկ բողոքը վարույթ չընդունելու հիմք դատարանը չունի:

«Որպես կանոն՝ Վերաքննիչն ընդունում է վարույթ, եթե ձևական առումով չկա որևէ խախտում: Վարույթ ընդունելու որոշում չունենք, բայց չունենք նաև հակառակ որոշում: Երկուշաբթի օրը ես պատրաստվում եմ նաև իմ կողմից ներկայացնել վերաքննիչ բողոք. ուղղակի իմ տեսակետն եմ ուզում ներկայացնել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ»,– նշեց Ալումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում