Գիտական պոտենցիալի կորուստը խնդիր է զարգացող երկրների համար. Սիներիկ Հայրապետյան

Գիտական պոտենցիալի կորուստը խնդիր է զարգացող երկրների համար. Սիներիկ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am:  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ, Բնական գիտությունների գծով գիտական կոմիտեի անդամ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանի 20 տարվա պայքարից հետո Հայաստանում կիրագործվի «Կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա և միջավայրի առողջապահական անվտանգություն մասնագիտություններով հետբուհական միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈւՆԻԹՎԻՆ ցանցի» ծրագիրը, որը մշակվել է ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի (ԲԿՄՀՈւԿ) կողմից։

Ծրագիրը վերջերս հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի կողմից։

Այսօր՝ Երևանում ծրագրի հանդիսավոր բացմանը նվիրված գիտաժողովից առաջ Հայաստանյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանական ամբիոնի վարիչ պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի որոշմամբ ղեկավարելու է ծրագիրը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանցի նպատակն է պատրաստել միջազգային մակարդակի գիտական կադրեր՝ միավորելով տարբեր երկրների (Ուկրաինա, Անգլիա, ԱՄՆ, Հնդկաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա և Եգիպտոս) տասը մասնակից համալսարանների գիտական ներուժը։

«Գիտական պոտենցիալի կորուստը խնդիր է զարգացող երկրների համար, տաղանդավոր երիտասարդները բարձրագույն կրթություն ստանալու համար գնում են զարգացած երկրներ և մնում այնտեղ։ Ծանր տնտեսական վիճակում գտնվող երկրներում առաջատար գիտնականները ևս գերադասում են աշխատել զարգացած երկրներում, իսկ այդ գիտական պոտենցիալի կորուստը բերում է սոցիալ-տնտեսական զարգացման խաթարման։ Այս ծրագրի միջոցով Հայաստանի առաջատար գիտնականները հնարավորինս ներգրավված կլինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գիտաուսումնական ծրագրերում և միջազգային փորձի ներգրավմամբ կստիպեն տեղական չինովնիկներին հրաժարվել իրենց կոռուպմածին և գիտաավերիչ քաղաքականությունից»,- ասաց Սիներիկ Հայրապետյանը։

Պրոֆեսորի կարծիքով՝ Հայաստանում հետբուհական կրթության միջազգային մակարդակի բարձրացմամբ կարելի է բնագավառը դարձնել սպառողականից շահութաբեր, նվազեցնել «ուղեղների արտահոսքը» երկրից, իսկ սփյուռքի երիտասարդների համար Հայաստանի հետբուհական համակարգը դարձնել ավելի գրավիչ։

Նրա խոսքով՝ հետբուհական կրթության այս ծրագրով երեք նպատակ ունեն իրագործելու՝ գիտական ներուժի զարգացման օժանդակում, հետբուհական մասնագիտական կրթության որակի միջազգային մակարդակի համապատասխանեցում և ինովացիաների ներդրմամբ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման օժանդակություն:

«Հայաստանի՝ իսլամական և քրիստոնեա աշխարհի սահմանագծում լինելը մեզ հուշում է, որ մեր երկիրը պետք է աշխատի գործել որպես խաղաղության աղավնի տարածաշրջանում։ Մեր թե խորհրդային, թե նախկին ու ներկայիս իշխանություններն այդ քաղաքականությունն են տանում, մեր այս նախաձեռնությունն էլ այդ քաղաքականության շարունակությունն է՝ գիտական ասպեկտով»,- ասաց Հայաստանյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանական ամբիոնի վարիչը։

Հայրապետյանը խիստ կարևորեց նաև սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունն այս ծրագրին, սակայն մտահոգություն հայտնեց, որ մասնակցության հայտ ներկայացրած Վրաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի երիտասարդների մեջ ոչ մի սփյուռքահայ չկա։

«Խիստ քննադատական խոսքով պետք է հանդես գամ գիտաժողովի ավարտից հետո՝ ուղղված կառավարությանը, սփյուռքի և կրթության նախարարություններին։ Երկու անգամ դիմել ենք իրենց, որ հայ երիտասարդներին սփյուռքից բերեն այստեղ, որպեսզի ծանոթանան մեր այս ծրագրին, սակայն այսքան տարբեր երկրներից ժամանածների մեջ ոչ մի հայ չկա։ Այս փաստը շատ քննադատելի է, մենք պետք է այնպես անենք, որ սա համահայկական կենտրոն լինի»,- ասաց նա։

Ստամբուլի Մեդենիյեթ համալսարանի պրոֆեսոր Սուլեյման Դասդաղը լրագրողների հետ զրույցում կարևորեց այս նախագիծը, նշելով, որ սրանով շատ բաներ կարող ենք անել շրջակա միջավայրի խնդրիների լուծման առումով. «Ունենք ծրագրեր ու թեմաներ գիտնականների համար օդի աղտոտման հետ կապված, կենսաբանական համակարգերի, էլեկտրամագնիտիկ աղտոտման հետ կապված: Թուրքիայից երեք ուսանող ունենք Բժշկական համալսարանից, ովքեր հետաքրքրված են այս ծրագրով ուսանելու»։

Իրանցի Զահրա Ֆարջամին էլ, ով մասնագիտացած է քաղցկեղի ուսումնասիրման մեջ, ասաց, որ պրոֆեսոր Հայրապետյանն է հրավիրել այս ծրագրին մասնակցելու. «Երկու հոդված ունեմ քաղցկեղի աղտորոշման վերաբերյալ: Ուզում եմ շարունակել սովորել Երևանում»։

Գիտաժողովը կազմակերպվում է Եվրոպական կենսաֆիզիկայի միվորման և ցանցում ներառված մասնակից համալսարանների հետ հանատեղ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ ԿԳՆ և ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հովանու ներքո։

Գիտաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակ Ահմեդ Ֆահմին, ցանցում ներառված համալսարանների ղեկավար աշխատակցներ, հրավիրված առաջատար գիտնականներ, օտարերկրյա և հայ ուսանողներ։

Գիտաժողովը կշարունակվի օգոստոսի 7-8-ը՝ Գառնիի «Յոթ քար» համալիրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում