Վալերի Պողոսյանը պնդում է՝ ցուցմունք չի տվել Արմեն Գևորգյանի կողմից ճնշման վերաբերյալ

Վալերի Պողոսյանը պնդում է՝ ցուցմունք չի տվել Արմեն Գևորգյանի կողմից ճնշման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Azatutyun.am: Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը պնդում է՝ ցուցմունք չի տվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել իր կամ իր եղբոր նկատմամբ՝ 2008 թվականին նախագահական ընտրությունների վերաբերյալ բարձրագույն դատարանում Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում կայացնելու համար։

Շաբաթ օրը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք առաջադրեց Արմեն Գևորգյանին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։

Ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց, որ մեղադրանքի առիթը ՍԴ անդամի վրա ճնշումն է։ «Երբ Սահմանադրական դատարանը պետք է քննարկի մյուս թեկնածուների բողոքները՝ ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, ինչ է տեղի ունենում՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ըստ գործի տվյալների, ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի կայացվի Սերժ Սարգսյանի օգտին որոշում», – ասաց Խաչատրյանը:

«Ես այդպիսի բան չեմ ասել, ես իրենց ասել եմ որոշ փաստեր, որոնք իրենք ներկայացնում են որպես ճնշում, դա իրենց գործն է», – այսօր հակադարձեց Վալերի Պողոսյանը:

«Ազատություն». – Այսինքն, չի՞ եղել ճնշում:

Պողոսյան. – Չեմ ասում՝ եղել է կամ չի եղել, ես ներկայացրել եմ փաստը, դա մեկնաբանություն է, մնացածը ուրիշ է՝ ես կարող եմ մեկնաբանել այսպես կամ այնպես:

«Ազատություն». – Նման ցուցմունք Դուք տվե՞լ եք, թե՞՝ ոչ, Դուք, կամ Ձեր եղբայրը, որ Ձեր կամ Ձեր եղբոր նկատմամբ ճնշում եղել է:

Պողոսյան. – Ես այդպիսի ցուցմունք չեմ տվել:

Արմեն Գևորգյանը 2008-ին զբաղեցնում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, այդ տարիներին նախագահականում էր աշխատում նաև Վալերի Պողոսյանի եղբայրը։

Ուրբաթ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Գևորգյանը Պողոսյանի վրա հենց վերջինիս եղբոր միջոցով է փորձել ճնշում գործադրել: «Երևի թե ստացվել է, հաջողվել է նրանց, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնակցել այդ գործով քվեարկությանը», – ասաց ՀՔԾ ղեկավարը:

Վալերի Պողոսյանը, սակայն, այսօր «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ իր բացակայության պատճառն այլ էր. – «Ես քննությանը հիվանդության պատճառով չեմ մասնակցել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում