Յուրի Խաչատուրովն է կանխել ՀԱՊԿ-ՀՀ հնարավոր լարվածությունը. Այն, ինչի մասին լռում են շատերը

Յուրի Խաչատուրովն է կանխել ՀԱՊԿ-ՀՀ հնարավոր լարվածությունը. Այն, ինչի մասին լռում են շատերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am Նախորդ շաբաթ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարծես թե վրիպեց լայն հասարակության ուշադրությունից: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտնել էր այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կազմակերպության քարտուղարությունում իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին որևէ տեղեկություն չի ներկայացրել:

Նա նաև նշել էր, որ Խաչատուրովը դա չի արել, քանի որ կարծում է, որ դա Հայաստանի ներքին գործն է և չի ցանկանում վնասել ՀՀ հեղինակությանը:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանյան ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը ներկայացրեց միայն այս նյութի փոքրիկ հատվածը՝ այն, որ Խաչատուրովը Մոսկվայում է և անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը և սա այն դեպքում, երբ երկրորդ հատվածը Հայաստանի համար շատ ավելի կարևոր նշանակություն ունի: Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ն արդեն իսկ վրիպակներով էր սկսել Յուրի Խաչատուրովի հետ կապված գործի հարուցումը, չէր ճշտել ՀԱՊԿ կանոնադրության կետերը , արժանացել էր ՌԴ-ի կողմից, մեղմ ասած, կոշտ պատասխանի, շատ կարևոր էր Խաչատուրովի քայլը: Սա նշանակում է, որ Խաչատուրովն է կանխել այն վտանգավոր զարգացումը, որը կարող էր լինել, եթե ՀԱՊԿ անդամ երկրները սկսեին ընկալել այս իրավական գործընթացը ոչ թե որպես ՀՀ ներքին գործ, այլ ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի կողմից արված քայլ: Մյուս կողմից՝ Խաչատուրովը կարող էր ներկայացնել ՀԱՊԿ-ում իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին տեղեկությունները և ստանալ ՀԱՊԿ-ի պաշտոնական հովանավորչությունը, սակայն դա չի արել՝ չդարձնելով քրեական գործը ՀՀ-ՌԴ, ՀՀ-ՀԱՊԿ անկանխատեսելի հետևանքներով լարվածության համար հիմք: Փաստացի, Խաչատուրովի այս քայլից հետո ոչ ՀԱՊԿ-ը, ոչ ՌԴ-ն չեն կարող Հայաստանին մեղադրել նրանում, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի վարկանիշին վնասելու միտումով:

Այս պայմաններում առնվազն ոչ պրոֆեսիոնալ է չգրել այս մասին և հանրությանը ներկայացնել կիսատ տեղեկատվություն: Ի վերջո Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ-ում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, պետական գործիչ է, ում յուրաքանչյուր քայլ և հայտարարություն հավասարազոր է ՀՀ պետական դիրքորոշմանը ՀԱՊԿ-ի շրջանակներում, հետևապես նրա քայլերի չլուսաբանումը հայկական ԶԼՄ-ներում ուղղակի անհասկանալի է: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ հայկական ԶԼՄ-ները մտածում են, թե Յուրի Խաչատուրովի քայլերն ու հայտարարությունները լուսաբանելով կարող են նրա անձի շուրջ դրական կերպար ստեղծել այն դեպքում, երբ կառավարությունը քրեական գործ է հարուցել Խաչատուրովի դեմ, բայց սա ոչ այլ ինչ է, քան անգրագետ մոտեցում:

Ի վերջո, հենց ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի լուսաբանվի Խաչատուրովի յուրաքանչյուր գործողություն, քանի որ նա բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելուց նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում