Կառավարությունը մասնավորին թույլատրեց «Մեղրի» ԱՏԳ-ում իրականացնել 195 մլն դոլարի ներդրումային ծրագիր

Կառավարությունը մասնավորին թույլատրեց «Մեղրի» ԱՏԳ-ում իրականացնել 195 մլն դոլարի ներդրումային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի որոշմամբ «Բոնվառոն» ՍՊԸ-ին տրամադրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախատեսված է ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները 1 մլն ԱՄՆ դոլարից հասցնել 5,1 մլն դոլարի:

«Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 195 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի 102 նոր աշխատատեղ: Արտահանման ուղղություններն են ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը և այլ երկրներ»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ այս ընկերությունն առաջինն է, որը ստանում է Մեղրի ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու թույլտվություն:

«Կարևոր է, որպեսզի իրականացնենք մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե ինչ դժվարությունների է բախվում ընկերությունը, որպեսզի դրանք հետագայում կարգավորենք»,– ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում