ՀՔԾ պետը չի բացառում, որ մարտի 1-ի գործով լինեն մինչ այժմ չդիտարկված այլ փաստաթղթեր ու վկայություններ

ՀՔԾ պետը չի բացառում, որ մարտի 1-ի գործով լինեն մինչ այժմ չդիտարկված այլ փաստաթղթեր ու վկայություններ

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի բացառում, որ մարտի 1-ի գործով նոր փաստաթղթեր ու վկայություններ ի հայտ կգան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ գործը քննվում է՝ իր բոլոր հանգամանքներով։ «Եթե հաշվի առնենք, որ այնպիսի կարևոր փաստաթուղթ, ինչպիսին 0038 հույժ գաղտնի հրամանն է, նախաքննության այս 10,5 տարվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից փորձ չէր արվել հայտնաբերելու, գործին կցելու ու դրա շուրջ քննություն իրականացնելու, դուք արդեն պատկերացրեք, որ մենք ունենք կասկածներ, որ կան այլ փաստաթղթեր, այլ վկայություններ ևս։ Ներկայում մեծ ծավալի քննչական գործողություններ են կատարվում, բնականաբար, նոր տուժողներ էլ կլինեն»,-ասաց ՀՔԾ պետը։

Անդրադառնալով հարցին, թե նախկինում մեղադրված անձանցից քանիսն են ներկայում տուժող ճանաչվել՝ Սասուն Խաչատրյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ այսօր առկա է միտում, որ ի հայտ են գալիս նոր տուժողներ։ «Մարդիկ, ովքեր ժամանակին վախենալով քրեական հետապնդումներից նույնիսկ չեն հայտնել իրենց մարմնական վնասվածք ստանալու մասին, այսօր դիմում են և տուժողի դատավարական կարգավիճակ են ստանում, հայտնում են գործի մասին իրենց ունեցած ամբողջ տեղեկատվությունը»,-նշեց պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում