Ես այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ. Հովիկ Աբրահամյանը պարզաբանում է

Ես այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ. Հովիկ Աբրահամյանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Hayeli.am: Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հազորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ: Hayeli.am-ի հարցին ի պատասխան նման պարզաբանում ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին Մարտի 1-ի գործի հետքննության շրջանակներում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին:

Հովիկ Աբրահամյանը հերքեց ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված այն պնդումը, թե տարածքը, որտեղից հայտնաբերվել է ապօրինի զենքը, փաստացի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին է պատկանում, սակայն Ամբիկ Գևորգյանի անվամբ է ձևակերպված:

Նախկին վարչապետի պնդմամբ՝ այն Ամբիկ Գևորգյանին է պատկանում, և ինքը դրա փոստացի սեփականատերը չէ: «Ես ոչ այդ տարածքի, ոչ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև հաստատեց հրապարկված այն տեղակատվությունը, թե ինքը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության. «Այո, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում»:

Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց, որ որոշ շահագրգիռ անձանց ևս խորհուրդ է տալիս չշտապել և չոգևորվել, սպասել քննության արդյունքներին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը, ստացված տվյալների հիման վրա, 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում