ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ

ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի մի շարք բնակիչներ և դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու նպատակով գյուղի բնակիչներին լսելու կարևորությունը՝ Պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները կհանդիպեն գյուղի բնակիչներին, կլսեն նրանց բարձրացրած հարցերը, ինչպես նաև կունենան աշխատանքային հանդիպում Ոստիկանության բաժնում: Միջադեպի սկզբնական պահից սկսած Ոստիկանությունը Պաշտպանի աշխատակազմի հետ ապահովում է անհրաժեշտ համագործակցություն

Մարդու իրավունքների պաշտպանն օրենքի ուժով է պարտավոր իր իրավասության շրջանակում ուսումնասիրել միջադեպի բոլոր հանգամանքները, ինչպես նաև լսել բոլոր կողմերին՝ առաջնորդվելով օբյեկտիվության, անկողմնակալության և օրենքով պահանջվող մյուս սկզբունքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում