Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքների քննությունը, որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին. փաստաբան

Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքների քննությունը, որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը, որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Նշենք, որ բողոքների քննությունը մեկնարկել էր երեկ ժամը 12։00-ին:

Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը բեկանելու և նրան ազատ արձակելու պահանջով բողոքը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ բողոքը։

«Նիստն ավարտվեց բոլոր հանգամաները քննարկվեցին, նիստն ավարտվեց, պարոն Քոչարյանը այսօր ևս ելույթ ունեցավ, ներկայացրեց իր դիրքորոշումը, ակնկալիքները դրական են, կարծում եմ դատարանը պետք է բավարարի բողոքները»,-ասաց Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում