«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց ու հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նաև պահանջում են իրավիճակի հստակեցում:

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակից, կենսաբազմազանության մասնագետ Մխիթար Արշակյանը նշում է, որ հանքի շահագործումը որևէ վտանգ չի պարունակում:

«Ես 10 տարի առաջ պայքարել եմ հանքի շահագործման դեմ, բայց սկսեցի աշխատել «Լիդիան Արմենիա» ընկերությունում և հասկացա, որ այն շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում»,- ասաց նա:

Բնակիչները մինչ այդ երկու նամակ են փոխանցել վարչապետին և այժմ սպասում են պատասխանի: Իրենց խոսքով` չեն հեռանալու Կառավարության շենքի դիմացից, մինչև իրենց պահանջը չբավարարվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Միքայել Նահապետյանը հայտնեց, որ ընկերության աշխատակիցների պահանջը փոխանցել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին:

Հուլիսի 13-ին հայտարարություն են տարածել նաև Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի բնակիչները՝ դիմելով կառավարությանն ու կոչ անելով վերջ տալ Ամուլսարի ճանապարհների շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելու մեր սահմանադրական իրավունքի վերականգնումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում