Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին

Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել։ Նա որոշել է իր պաշտոնավարման առաջին 100 օրերի գործերը քննարկել հանրության հետ, խոսել կատարված գործերից, քննարկել ապագա ծրագրերը։ Իհարկե, շատերը կարծիք հայտնեցին, որ իրականում վարչապետ Փաշինյանը, հանրահավաք հրավիրելով, շատ ավելի լուրջ նպատակներ է հետապնդում՝ օրինակ, ուզում է Ռուսաստանին բռունցք ցույց տալ կամ էլ թե իր գործերի համար ժողովրդի «դոբրոն» ստանա, բայց մենք դեռ զերծ կմնանք նման մեկնաբանություններից՝ կենտրոնանալով Փաշինյանի հայտարարած նպատակների վրա։

Եվ այսպես, նա ասում է, որ «պետք է կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում… և ինչ է տեղի ունենալու հետո»։ Ի՞նչ խոսք, դա կարող է հետաքրքիր զրույց լինել, եթե, իհարկե, Կառավարության ղեկավարն այն չվերածի մենախոսության։ Հաշվի առնելով, որ այդ «զրույցը» Հանրապետության հրապարակում պետք է տեղի ունենա, իսկ բարձրախոսն էլ հենց Փաշինյանի ձեռքում է լինելու, դրա հավանականությունը շատ մեծ է։ Նման դեպքերում ժողովրդին սովորաբար «այո» կամ «ոչ» ասելն է միայն մնում։

– Կոռուպցիան երկրից պիտի՛ վերանա…
– Այոոոո….
– Բոլոր թալանչիները պիտի՛ պատժվեն։
– Այոոո…
– Դուք ուզու՞մ եք ապրել աղքատ երկրում։
– Ոոոոչչ…
– Ես ձեզ սիրում եմ։
– …
Դե այսպիսինն է հանրահավաքների ձևը։ Համենայն դեպս այն, ինչը մենք տեսել ենք մեր երկրում։ Դրա համար սպասելիքներն էլ առաջիկա «զրույցից» շատ մեծ չեն։ Խոսքը, իհարկե, հանրահավաքին է վերաբերվում։ Բայց դրանից դուրս, օրինակ, մամուլում, կարելի է խոսել։ Մանավանդ, որ իշխանական թիմն արդեն նախաձեռնել է նման զրույց։ Այդ են վկայում տարբեր պաշտոնյաների, քարոզիչների՝ Փաշինյանի Կառավարության գովերգող բազմաթիվ մեկնաբանությունները, գրառումներն ու հոդվածները։

Ի դեպ, ընթերցողի թույլտվությամբ մի պահ շեղվենք նյութի հիմնական բովանդակությունից՝ նշելու համար, որ Փաշինյանի թիմը ինքն իրեն փառաբանելու հարցում որդեգրել է նախկին իշխանությունների մարտավարությունը։ Նրանք էլ էին ամեն պատեհ և անպատեհ առիթով փորձում ցույց տալ, որ լավագույնն են, սրանք էլ։ Նրանք էլ էին անընդհատ «փիարվում», սրանք էլ։ Նրանք էլ էին միայն ժողովրդի հոգսով ապրում, սրանք էլ… Մի խոսքով, շանը շան կողքը կապես, գիտեք թե ինչ կլինի։

Բայց դա չէ կարևորը։ Առավել մտահոգողն այն է, որ իշխանական թիմը այսօր ընդհնարապես չի խոսում իր սխալների ու բացթողումների մասին, որոնք ի դեպ, շատ էին այս 100 օրերի համար։ Չափազանց շատ։ Օրինակ, ոչ ոք չի խոսում այն մասին, որ Հայաստանը շատ կարևոր հարաբերություններ է կորցնում Ռուսաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ։ Խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում վաղուց արդեն անցել են վտանգավոր կոչվելու եզրը։ Ոչ ոք՝ ինկատի ունեմ իշխանական թիմից, չի խոսում, որ արդարադատությունը Հայաստանում կամայական է դարձել, որ երկրում վերաբացվել է քաղաքական հետապնդումների ու բռնությունների էջը։ Ոչ ոք չի խոսում, որ զգետնվել և ոտնահարվում են հայ ժողովրդի համար դարեր շարունակ կենսական նշանակություն ունեցող բազում արժեքներ։ Իշխանությունը լռում է, լռում ու լռում։

Փոխարենը հայտարարվում է, որ, օրինակ, Փաշինյանի կոչից հետո զինծառայությունից խուսափած 156 զինակոչիկ է եկել ծառայության։ Մինչդեռ հետո պարզվեց, որ անցած տարի ավելի մեծ թվով երիտասարդներ են որոշել վերադառնալ և իրենց պարտքը տալ Հայրենիքին։ Այսինքն, Փաշինյանի թիմակիցները փորձում են անգամ բնական պրոցեսները վերագրել վարչապետի հեղինակությանն ու աշխատանքին։ Նույն ձևով խոսվում է արտագաղթի ու ներգաղթի մասին, տնտեսական աճի և այլն։ Իսկ երբ այդ խոսքերին հետևում է պաշտոնական վիճակագրությունը, պարզվում է, որ սայլը դեռ այնտեղ է, որտեղից վերցրել է Փաշինյանը։ Ոչ մի քայլ առաջ։

Այն, որ Կառավարությունն այսօր զբաղված է մարդ բռնելով, վաղուց է արդեն շատերի շուրթերին։ Այն, որ երկրի սոցիալական խնդիրները շարունակում են ծանր քարի պես կախված մնալ ժողովրդի վզին, կրկին փաստ է։ Այն, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրները զգալիորեն շատացել են, կրկին անհերքելի է։ Այն, որ երկիրը զարգացման տեսլական չունի, ակնառու է… Եվ ուրեմն ի՞նչ պետք է խոսի Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում։ Խաբի՞ մարդկանց, ինչպես դա անում են իր կողքինները։ Թե՞ ասի, որ 2 ոչխարի փոխարեն 10 պահեն։ Հասկանու՞մ եք, լուրջ չէ այս ամենը։ Լուրջ չէ և հիասթափեցնող։

Արմեն ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում