Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.24 լիրայի:

Նշվում է, որ այս տարվա ընթացքում թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 18 տոկոսով:

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ երկրի կառավարությունը լիրայի արժեզրկման դեմ գործողությունների պլան է մշակել և այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: «Երկուշաբթի առավոտից մեր ինստիտուտները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը և հանդես կգան հայտարարությամբ»,- ասել է Ալբայրաքը:

Նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի նոր տնտեսական մոտեցման կարևորագույն հիմքը կլինի բյուջետային կայունությունը, և հարկային օրենսդրությունը կհամապատասխանեցվի նոր իրավիճակին:

Նա նշել է, որ ծրագիրը պատրաստվել է բանկերի և ռեալ տնտեսության համար՝ ներառյալ փոքր և միջին բիզնեսը, որոնք ավելի շատ են տուժում արտարժույթի տատանումներից: Չնայած ֆինանսների նախարարի այս հայտարարություններին՝ լիրայի արժեզրկումը շարունակվում է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն էլ հայտարարել է, որ Թուրքիան տնտեսական պատերազմի թիրախում է: Նա Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել վաճառել իրենց մոտ պահած դոլարներն ու եվրոները ազգային լիրայի ուժեղացմանը նպաստելու համար՝ հերքելով խոսակցությունները, թե լիրայի արժեզրկման հետևանքով Թուրքիան կանգնած է տնտեսական ճգնաժամի առաջ:

Դոլարներն ու եվրոները վաճառելու մասին Էրդողանի կոչից հետո դոլարի դեմ Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել՝ վառելով ԱՄՆ դոլարները: Նրան միացել են նաև ակցիայի մյուս մասնակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում