Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան

Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: 2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին նախապատրաստման և անցկացման համար միջոցառումների իրականացման նպատակով 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է մեկ միլիարդ 438 միլիոն 354 հազար դրամ:

Նա նշեց, որ միջոցառումների ծրագրերում հստակեցումներ են կատարվել, որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակներում աշխատանքների ավելացումներ, ծախսային վերաբաշխումներ և հավելյալ ծախսեր, որոնց մասին նշվել է դեռ անցած տարի, և բյուջեի պահուստային ֆոնդի հատկացումների մեջ նույն նպատակի համար նախատեսվել է 400 միլիոն 945 հազար դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքները և ունե՞ն վստահություն, որ գագաթնաժողովը կանցկացնեն բարձր մակարդակով, և բոլոր կազմակերպչական նրբությունները, առանձնահատկությունները հաշվի են առել:

Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ ամբողջովին վստահ են, որ նախապատրաստական աշխատանքներում ապահովում են գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը:

«Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք ապահովել բովանդակային բավական հագեցած համաժողով, և վստահությունը բավականին բարձր է»,- ասաց նա և նշեց, որ պատրաստվում են ապահովել ՀՀ-ի կողմից գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս հաստատեց դա և նշեց, որ Ֆրանկոֆոնիայի շտաբի հետ շաբաթական հանդիպումներ են ունենում:

«Կարծում եմ, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպման առումով մենք ունենալու ենք շատ բարձր մակարդակ, և համոզված եմ, որ բոլոր այն աշխատանքները, որ դրված են շտաբի առաջ, կատարվել են և կատարվելու են ամենաբարձր մակարդակով և ունենալու ենք աննախադեպ մի միջոցառում ՀՀ-ի համար, որտեղ ներկա են լինելու տասնյակ երկրների ներկայացուցիչներ»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը հետաքրքրվեց նաև ոստիկանության պատրաստվածությամբ, և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ թեև նախադեպ չունեցող միջոցառում է, սակայն ոստիկանությունը պատրաստ է:

«Մեր ուժերը և միջոցները պատրաստ են, որ ոստիկանությունն օդանավակայանից սկսած, վերջացրած այն երթուղով, միջավայրերով, քաղաքներով, որտեղ տեղի է ունենալու գագաթնաժողովը, ապահովի հասարակական կարգի անվտանգությունը բարձր մակարդակի վրա»,-ասաց նա:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ նշեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առումով որևէ խնդիր չկա, «Պատրաստ ենք, նորմալ կանցնի»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում