Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին

Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 12-ին «Կասպյան հնգյակի» երկրների ղեկավարները ստորագրեցին Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան, որի վրա, ըստ էության, աշխատել են շուրջ երկու տասնամյակ: Որոշ փորձագետների կարծիքով՝ այս կոնվենցիան կարող է դուրս մղել Հայաստանի Հանրապետությանը տարածաշրջանային էներգետիկ նախագծերից: Նախ՝ փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում սույն փաստաթուղթը, իսկ հետո՝ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության վրա:

Կոնվենցիան սահմանում է, որ Կասպից ծովի վերին շերտի ընդհանուր մակերեսը մնում է կողմերի ընդհանուր օգտագործման տրամադրության տակ, իսկ ծովի հատակն ու միջին շերտը բաժանվում են հարևան պետությունների միջև` միջազգային իրավունքի և փոխադարձ համաձայնության հիման վրա:

«Նավարկությունը, ձկնորսությունը, գիտական հետազոտությունները և խողովակաշարերի տեղադրումն իրականացվում են կողմերի միջև համաձայնեցված կանոններով: Մեծածավալ ծովային նախագծերի իրականացման դեպքում անպայման հաշվի է առնվում էկոլոգիական գործոնը»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Փաստաթուղթը նաև արձանագրում է Կասպից ծովում արտատարածաշրջանային տերությունների զինված ուժերի ներկայության անթույլատրելիությունը, և սահմանում, որ հինգ մերձկասպյան երկրները պատասխանատու են ծովում անվտանգությունը պահպանելու, ինչպես նաև՝ դրա ռեսուրսների կառավարման համար:

ՌԴ նախագահի բնորոշմամբ՝ այս փաստաթղթի ստորագրումը «դարակազմիկ նշանակություն ունի»: Փաստաթուղթն, իրավամբ, կարելի է համարել պատմական, քանի որ Կասպից ծովի իրավական կարգավիճակը սահմանող վերջին փաստաթուղթը կնքվել է 1940թ.՝ Իրանի և Խորհրդային Միության միջև:

Հայտնի փաստ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Կասպից ծովի բաժանման և իրավական կարգավիճակի շուրջ հակասություններ առաջացան «կասպյան» երկրների միջև, և կարելի է ասել՝ մինչ օրս Իրանի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև այդ հակասությունները չեն վերացել: Իրանը մշտապես բավական հաստատուն դիրքորոշում ու նպատակներ է ունեցել Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված և հենց այդ պատճառով այս փաստաթղթի ստորագրումն Իրանում ո՛չ միանշանակ է ընդունվել ու արժանացել շատերի քննադատությանը:

Որոշ փորձագետներ նշում են, թե Իրանն ու Ռուսաստանը թուլացրել են իրենց դիրքերը և որոշ չափով՝ նահանջել: Այդ դեպքում՝ ի՞նչ են նրանք ստացել: Նախ՝ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը երաշխիքներ են ստացել, որ Կասպից ծովում «օտար» զինուժ չի հայտնվի, ինչը շատ կարևոր է երկու երկրների համար՝ թե՛ անվտանգության, թե՛ ազդեցության պահպանման ու մեծացման տեսանկյունից: Երկրորդ՝ կոնվենցիան, մասնավորապես՝ էկոլոգիական անվտանգության վերաբերյալ կետը, փաստորեն, լծակ կարող է հանդիսանալ՝ կանխելու տրանսկասպյան գազամուղի կառուցումը, որն, ըստ ծրագրի, պիտի թուրքմենական գազն Ադրբեջանի տարածքով դուրս բերի դեպի Եվրոպա (Չմոռանանք, որ Եվրոպայի գազի հիմնական մատակարարը ՌԴ-ն է, իսկ ԻԻՀ-ը, հանդիսանալով գազի պաշարների քանակով աշխարհում երկրորդ երկիրը, իր առջև դեպի Եվրոպա գազ արտահանելու նպատակ ունի): Երրորդ՝ Ռուսաստանը, փաստորեն, ստանձնեց առաջնորդի դերը և քաղաքական առումով՝ շատ ավելի ազդեցիկ կարգավիճակ ձեռք բերեց այս երկրների շարքում:

Ինչ վերաբերվում է մյուս երկրներին, ապա դրանք ստացան գործողությունների ազատության ավելի լայն շրջանակ՝ Կասպից ծովում հետազոտական աշխատանքներ իրականացնելու, էներգակիր ռեսուրսների արդյունահանման, ծովի շահագործման առումով, ինչպես նաև՝ դարձան, այսպես ասած, նոր թիմի անդամ՝ որոշակիորեն բարձրացնելով իրենց դերը տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ փաստաթուղթը դեռևս պիտի վավերացնեն երկրների խորհրդարանները, ինչը, բնականաբար, ժամանակ ձգելու և մանևրելու հնարավորություններ է տալիս կողմերին:

Ի՞նչ կապ ունի Հայաստանը…

Ուղղակիորեն Հայաստանը որևէ կապ չունի այս փաստաթղթի ստորագրման հետ, սակայն հաշվի չնստել հանգամանքի հետ, որ մեր դաշնակիցները, բարեկամ կամ գործընկեր երկրները և բացահայտ թշնամական դիրքորոշում ունեցող երկիրը նման փաստաթուղթ են ստորագրում, անկարելի է: Մեզ համար հիմնական անհանգստության առարկան, բնականաբար, Ադրբեջանի՝ ավելի շահեկան դիրքում հայտնվելն է՝ թե՛ նոր ռեսուրսների հնարավոր ձեռքբերման, թե՛ տարածաշրջանում դերի հնարավոր բարձրացման առումով: Չնայած՝ առաջին հայացքից այս փաստաթուղթն Ադրբեջանին տալիս է հնարավոր առավելագույնը, բայց այն որևէ կերպ խնդիրներ չի լուծում, այլ միայն դրանք լուծելու հող է նախապատրաստում, իրավական հիմք է ստեղծում: Այդ պատճառով բավական դժվար է ասելը՝ արդյո՞ք այդ խնդիրները կլուծվեն, թե՞ ոչ, իսկ առանց այդ հարցի պատասխանն ունենալու՝ շատ ավելի դժվար կլինի պատասխանելը, թե արդյո՞ք Հայաստանը դուրս կմղվի տարածաշրջանային էներգետիկ նախագծերից: Ամեն դեպքում՝ փաստ է, որ Հայաստանը պիտի ուշադրության կենտրոնում պահի թե՛ հարևան, թե՛ բարեկամ, թե՛ թշնամի երկրների գործողություններն ու ճիշտ ժամանակին արձագանքի: Հայաստանը պիտի ջանք ու եռանդ չխնայի՝ կանխելու Ադրբեջանի՝ չափից ավելի մերձեցումը մեր դաշնակից երկրների հետ, ինչի նախադրյալներ այսօր ստեղծվում են, իսկ միտումներ նկատվում են նաև հայտարարություններում:

Պետք է փաստել, որ Հայաստանը, չնայած մանևրելու փոքր դաշտին ու գրեթե մեկուսացված իրավիճակին, այնուամենայնիվ՝ կարևոր նշանակություն ունի թե՛ հարևան Իրանի, թե՛ դաշնակից Ռուսաստանի համար և շարունակում է դիտարկվել՝ որպես Պարսից Ծոցը Սև ծովին և իրանական շուկան ԵԱՏՄ-ին կապող ուղի, իսկ եթե հիշենք նաև, որ ԵՄ-ի հետ ունենք առևտրի հատուկ ռեժիմ, հանդիսանում ենք երկու երկրների միակ հուսալի դաշնակիցն ու բարեկամը Հյուսիսային Կովկասում, որը մի երկրին տալիս է հյուսիսային սահմանների անվտանգության երաշխիք, իսկ մյուս երկրին՝ տարածաշրջանում ամենալուրջ ռազմական և քաղաքական լեգիտիմ ներկայության երաշխիք, ապա թե՛ մեր, թե՛ իրենց կողմից դեռ առաջարկելու բան կլինի: Դրա համար, թերևս, պետք է ունենալ միայն քաղաքական կամք և ճկունություն:

Արեգ ՍԱՐԴԱՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում