Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել

Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հերքում է որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բաժնեմաս ունի:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել.

«Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց և թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում նպաստել է Հայաստանի կայուն զարգացմանը:

Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է այս փաստը հաստատելու համար իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում