Սևանա լճից մինչև 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կիրականացվի

Սևանա լճից մինչև 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Սևանա լճից մինչև 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու որոշմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը որակեց ամենացավալին իր կառավարության համար:

«Սա, երևի մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունը, երևի, 1,5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, և մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա ու հարցերը լուծվեն առանց նման որոշման», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ քննարկումները բուռն էին: «Դրանց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ՝ կա որոշակի ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավականին բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է կառավարության համար կրկնակի, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում՝ այն քաղաքական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա, և, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք», – ասաց վարչապետը՝ հավելելով, որ ոռոգման համակարգում պետք է լինեն լրջագույն լուծումներ:

«Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլն է շրջանառում, ՀՀ-ում «ջրային մաֆիայի» գոյությունը, և եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում