Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային այցը մարզի համայնքներ

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային այցը մարզի համայնքներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Աշխատանքային հերթական այցով Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն օգոստոսի 23-ին այցելեց Վարդենիկ համայնքի բյուջեի միջոցներով վերանորոգված մանկապարտեզ, որը, մինչև սեպտեմբերի 1-ը, ամբողջովին պատրաստ կլինի ընդունել համայնքի մոտ 90 սաների:

Վարդենիկի համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի կողմից կառուցվող ոռոգման համակարգի աշխատանքները, տեղում հանդիպում ունեցավ վարդենիկցիների հետ, զրուցեց բերքահավաքի ընթացքի, բերքի իրացման, համայնքային բնույթի այլ թեմաների մասին:

Մարզպետն այցելեց նաև Վարդենիկի մասնակի վերանորոգված մշակույթի տուն, որտեղ աշխատանքները ևս իրականացվել էին համայնքի բյուջեի միջոցներով:

Այնուհետև համայնքապետարանում, Իշխան Սաղաթելյանը ոլորտային տարբեր խնդիրների շուրջ, քննարկում անցկացրեց համայնքի կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարների հետ:

«Վարդենիկ համայնքը տարեցտարի զարգացում է ապրում և ուրախալի է այն փաստը, որ խնդիրներն այստեղ աստիճանաբար լուծում են ստանում համայնքի բյուջեի միջոցներով կամ համայնքային համաֆինանսավորմամբ: Ես համոզված եմ, որ 1-2 տարի էլ նույն տեմպով շարունակելու դեպքում, Վարդենիկն այլևս խնդիրներ չի ունենա», – հանդիպման ընթացքում նշեց Իշխան Սաղաթելյանը:

Մարզպետն իր աշխատանքային այցը շարունակեց Ծովինարի միջնակարգ դպրոցում, որտեղ պայմանավորվածություն ձեռք բերվեց դպրոցի տնտեսված միջոցների հաշվին, սեղմ ժամկետում, վերանորոգել սանհանգույցները, ապա, միջոցների առկայության դեպքում, վերանայել մանկավարժների աշխատավարձերի բարձրացման հարցը:

Իշխան Սաղաթելյանը առաջարկեց նաև մարզպետարան ներկայացնել համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծ, հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերում ներառելու նպատակով:

Ծովինարի բնակիչները Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին իրենց դժգոհությունները՝ կապված ոռոգման ջրի և էլեկտրաէներգիայի վարձավճարների ոչ ճիշտ գանձումների հետ: Իշխան Սաղաթելյանը խոստացավ իր լիազորությունների շրջանակներում խնդիրը ներկայացնել համապատասխան կառույցների քննարկմանը:

Գեղարքունիքի մարզպետն Արծվանիստ համայնքում դիտարկեց պետական բյուջեի միջոցներով օրերս մեկնարկած՝ մոտ 2,3 կմ խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման և սուբվենցիայով փողոցային լուսավորության անցկացման աշխատանքները, եղավ շենքային անբավարար պայմաններ ունեցող մանկապարտեզում:

«Արծվանիստում, ճիշտ է կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, սակայն ես առաջնահերթ եմ համարում միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատման խնդիրը, որին միայն կհաջորդի մնացած խնդիրների կարգավորումը: Ասֆալտապատման նպատակով առաջարկում եմ սեղմ ժամկետներում ներկայացնել ծրագիր, որպեսզի այն ներառվի հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի ցանկում», – ասաց Իշխան Սաղաթելյանը՝ համայնքի բնակիչների հետ ունեցած զրույցի ընթացքում:

Ծովինար համայնքի բնակիչները մարզպետի հետ քննարկեցին նաև գյուղատնտեսության ոլորտին առնչվող թեմաներ:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում