«Սրանք պատուհաս են, Փաշինյանի գլխին են սարքելու». ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի հարազատները վրդովված են (տեսանյութ)

«Սրանք պատուհաս են, Փաշինյանի գլխին են սարքելու». ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի հարազատները վրդովված են (տեսանյութ)

 ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, 1in.am:  «Այս պետությունը պետություն չի, այս պետությունը չգիտես՝ իր գլխին ինչ է սարքելու: Մարդասպանին, թալանչիներին բռնում-ազատում եք, վաղը-մյուս օրը ելնելու են ձեր դեմ: Այսպես երկար հնարավոր չէ շարունակել»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանի հայրը՝ Աբրահամ Մկրտչյանը, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամների ազատ արձակմանը և դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ես չեմ պատկերացնում՝ սրանք երկար շարունակեն: Երկիրը երկիր չի եղել, չի էլ լինի: Պետության վրա հարձակում է եղել, պետության մարդ է զոհվել, թալանել են, հիմա բռնել, հերթով ազատո՞ւմ ես: Վաղը սրանք հելնելու են քո գլխին են սարքելու: Սա անցած իշխանության սարքած գործն էր: Սրանց որ թողեցին՝ իրենք տապալված են, երկար չեն կարա»,– ասաց Գագիկ Մկրտչյանի հայրը:

Ոստիկանության ենթասպայի ընտանիքը զայրացած, հիասթափված ու վրդովված է: Նրանց խոսքով՝ չպետք է ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամներին, նրանք պետք է պատասխան տան երեք ոստիկանի սպանության համար: Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկը, մեկ ցանկություն ունի՝ արդար դատավճիռ:

«Մեր վերքի վրա ոնց որ աղ ու բիբար լցնեն, բա կարելի՞ է: Իմ անմեղ տղային զրկեցին կյանքից: Գիշեր-ցերեկ կանիծեմ որպես որդեկորույս մայր»,- ասում է ոստիկանի մայրը՝ տիկին Անահիտը, և հավելում՝ «Սասնա ծռերի» արածն աններելի է, նրանք չպետք է ազատության մեջ լինեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում