Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 25-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և քաղաքական կյանքում տեղ գտած փոփոխություններին` նշելով, որ իբրև Քրիստոսին հավատացող ժողովուրդ մեր ժողովուրդն հույսով ու լավատեսությամբ ջանքեր է ներդնում կերտելու իր խաղաղ, ապահով և բարօր կյանքը, պատրաստակամ` հաղթահարելու բոլոր դժվարությունները:

Հայոց Հայրապետը հաստատել է, որ Հայոց Եկեղեցին ևս, պիտի շարունակի ըստ ամենայնի ջանքեր գործադրել այս ուղղությամբ` դրանում զորակից լինելով նաև ՀՀ իշխանություններին:

Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար՝ հաստատելով, որ միմիայն այդ ճանապարհով է հնարավոր բացառել աշխարհում այդօրինակ նոր ոճիրները:

Տիկին Անգելա Մերկելն իր հերթին ուրախություն է արտահայտել Մայր Աթոռ` հայ ժողովրդի հոգևոր կենտրոն այցի հնարավորության համար` լինելով Սուրբ Էջմիածին և Հայաստան այցելող Գերմանիայի առաջին կանցլերը:

Կանցլեր Անգելա Մերկելը Նորին Սրբությանը ներկայացրել այցից և հանդիպումներից ստացած իր տպավորությունները:

Նա գոհունակությամբ փաստել է, որ իր այցը համընկավ Հայաստանում տեղ գտած փոփոխություններին` հաստատելով, որ Գերմանիան ցանկանում է այդ ճանապարհին բարեկամ ու գործընկեր լինել և վերահաստատում է պատրաստակամությունը ընդլայնելու գործակցությունը տարբեր ոլորտներում:

Զրույցի ընթացքում քննարկված մի շարք թեմաների մեջ առանձնացվել են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Գերմանիայի Կաթոլիկ և Ավետարանական Եկեղեցիների հետ գործակցությունը: Վեհափառ Հայրապետն ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի նաև իր շնորհակալությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպմանը մտքեր փոխանակվել են նաև ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակի առնչությամբ: Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի ղեկավարության կողմից չդադարող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, ինչը մեծապես վտանգում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անթույլատրելի է նկատել Ադրբեջանի կողմից հայության հանդեպ ատելության և թշնամանքի հրահրումը։

Վեհափառ Հայրապետը Գերմանիայի կանցլերին է նվիրել ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների հետևողական ոչնչացման մասին պատմող մի գիրք:

Տեղեկացնելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ կազմակերպվող երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումների արդյունքների մասին` Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ջանքերով ղարաբաղյան հիմնախնդիրը կգտնի իր խաղաղ կարգավորումը:

Հանդիպմանը նաև մտահոգություն է արտահայտվել Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման վերաբերյալ:

Գերմանիայի կանցլերը, կիսելով ներկայացված մտահոգությունները, հաստատեց, որ Գերմանիայի կողմից ևս ջանքեր կգործադրվեն նպաստելու համար արծարծված խնդիրների հանգուցալուծմանը: Տիկին Անգելա Մերկելը հանդիպման ընթացքում նաև իր շնորհակալությունը հայտնեց Սիրիայից փախստականներ ընդունելու և նրանց աջակցելու համար:

Զրույցին ներկա էին ՀՀ Արտաքին գործերի նախախար Զոհրաբ Մնացականյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը և երկու երկրների դեսպանները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում