Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակվողներից մեկը վնասազերծվել է ու ձերբակալվել. նոր մանրամասներ

Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակվողներից մեկը վնասազերծվել է ու ձերբակալվել. նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները, այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ։

Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք:

Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն և դեռևս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել և դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ:
Հ.Ռիժենկոն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում