Ժամանակավորապես կասեցվել է ՌԴ որոշ մարզերից խոզի մսի և մի շարք այլ ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան

Ժամանակավորապես կասեցվել է ՌԴ որոշ մարզերից խոզի մսի և մի շարք այլ ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։ Այս մասին տեղեկացնում են Սննդի անվտանգության պետական ծառությունից:

Մասնավորապես 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն ՌԴ որոշ մարզերից։

Կասեցման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել են խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունները, ինչպես նաև հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավարի պաշտոնակատարի որոշումը «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման» վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում