Հայաստանը Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ կսկսի

Հայաստանը Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ կսկսի

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերություններում գազի գնի հետ կապված որևէ լարվածություն չունենք և չենք էլ ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ օգոստոսի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսին: Նա հավաստեց, որ կարևորագույն հարցերում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնում կար ու կա, և դա թույլ է տալիս մտածել, որ Հայաստանի համար գազի գինը չի ավելանա:

Նախարարը նկատեց, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները հիմնականում երկրների առաջին դեմքերն են վարում, և այս պահին որևէ բանակցություն չկա, բայց տարեվերջին լրանում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի մասին» համաձայնագրի ժամկետը, և բնական է՝ համապատասխան բանակցություններ կլինեն, և Հայաստանը ձգտելու է ավելի էժան գազ ստանալ:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր ունենք: ՀՀ կառավարությունը ամեն ինչ անելու է, որ ավելի էժան տարբերակ ունենա»,- ընդգծեց Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով` բանակցությունները շարունակվելու են նաև Իրանի հետ. հայկական կողմն Իրանի էներգետիկայի նախարարի հետ անցկացրել է մի շարք քննարկումներ և հարց է բարձրացրել Իրանի կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում